Քաղաքացիները կարող են մինչև 100 հազար դրամ փոխհատուցում ստանալ մի շարք ուղղություններով կատարված սոցիալական ծախսերի պարագայում
4 րոպեի ընթերցում

Ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրի շրջանակում քաղաքացիները կարող են մինչև 100 հազար դրամ փոխհատուցում ստանալ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի պարագայում։ Բուհերի, քոլեջների ուսման վարձերից բացի, այսուհետ սոցիալական ծախսերը հնարավոր կլինի հետ ստանալ նաև ոչ ֆորմալ կրթական ծառայություններից օգտվելու պարագայում։ Օրինակ, եթե քաղաքացին 2024 թվականին գնացել է անգլերենի դասերի, իր երեխային ընդգրկել է ջութակի դասերի, մեկ այլ պարագայում մարզադպրոց է տարել, ապա վճարված վարձավճարները կփոխհատուցվեն հայտարարագրի սոցիալական կրեդիտի բաղադրիչով։
Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների և կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի, ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով տրամադրվող կրթական ծառայությունների ձեռքբերման ծախսերը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ այս վերջին ուղղությունների պարագայում սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե վճարումները կատարվել են անկանխիկ։
«Նոր որոշման նպատակը ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի շրջանակի ընդլայնումն է։ Այսինքն՝ հնարավորինս շատ քաղաքացիներ օգտվեն այս հնարավորությունից»,-ասաց Արման Պողոսյանը։
Ոչ ֆորմալ կրթական ծառայություններ իրականացնողները պետք է երաշխավորված լինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ նման անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել նախարարություն, դիմում գրեն նախարարի անունով, ներկայացնեն ծրագիր, որը կուղարկվի փորձաքննության։ Դրա արդյունքների հիման վրա էլ որոշում կկայացվի։
«Կլինեն դեպքեր, որ քաղաքացիները որևէ կազմակերպությունից ստացել են ծառայություն, սակայն այդ կազմակերպությունը երաշխավորման համար դիմած չի եղել։ Այս ընթացքում կարող են դիմել երաշխավորման համար, մենք կփորձենք արագ կարգավորել այդ հարցերը, որ եթե ծրագրային մասով ամեն ինչ նորմալ լինի, քաղաքացիները փոխհատուցման հնարավորություն ունենան։ Հիշեցնենք, որ փոխհատուցման ենթակա են միայն անկանխիկ վճարումների դեպքում»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։
Եթե ոչ ֆորմալ կրթական ծառայություն մատուցող կազմակերպությունը ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված լինի և վճարներն էլ կատարված լինեն անկանխիկ, ապա քաղաքացին պետք է դիմի այդ կազմակերպությանը, որ իր կատարած վճարումների համար դուրս գրվի հաշվարկային փաստաթուղթ։ Արդյո՞ք տնտեսվարողները իրավունք ունեն հետին թվով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու, նրանց համար խնդիրներ չե՞ն առաջանա։
«Սովորաբար, երբ ծառայությունից օգտվում է ֆիզիկական անձը նրան տրամադրվում է ՀԴՄ կտրոն, բայց ոչ հաշվարկային փաստաթուղթ։ Հիմա, ֆիզիկական անձինք կարող են խնդրել ու կազմակերպությունը դուրս գրի հաշվարկային փաստաթուղթը։ Որպես դուրս գրման ամսաթիվ պետք է նշեն համապատասխան օրը, սակայն մատուցված ծառայությունների ամսաթիվը նշվի այն, երբ իրականում մատուցվել է այդ ծառայությունը»,-ասաց Արման Պողոսյանը։