Մշակույթ

Անսահման ուրախ էի կրկին հանդիպել երախտագետ հայ հանդիսատեսի հետ. Դմիտրի Մասլեև

5 րոպեի ընթերցում

Անսահման ուրախ էի կրկին հանդիպել երախտագետ հայ հանդիսատեսի հետ. Դմիտրի Մասլեև

Օրերս ականավոր դաշնակահար, բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր, այդ թվում Չայկովսկու 15-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր և ոսկե մեդալակիր Դմիտրի Մասլեևը ելույթ է ունեցել Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին, որ տեղի է ունեցել օրեր առաջ «Արամ Խաչատրյան›› համերգասրահում, Մասլեևը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Մասլեևի կատարմամբ հնչել են Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը: Նրա ելույթը մեծ ոգևորությամբ է ընդունել երևանյան հանդիսատեսը: 

Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը այս ժանրի ամենածավալուն, վառ ու տպավորիչ ստեղծագործություններից է: Այն հանդիսանում է Ռախմանինովի 1900-ականների կոմպոզիտորական արվեստի գագաթը, որն ամփոփում է նրա ստեղծագործական փնտրտուքների այդ շրջանը: Այստեղ Ռախմանինովի ստեղծագործական ինքնատիպ անհատականությունը կրկին արտահայտվում է իր ողջ հզորությամբ և անկրկնելի պոետիկ հմայքով: Մասլեևն աչքի է ընկել փայլուն, վիրտուոզ կատարմամբ, ինչպես նաև նուրբ, քնարական մեկնաբանությամբ: Դաշնակահարին հաջողվել է ունկնդրին հասցնել էմոցիոնալ բարձր լարվածության և գեղագիտական վայելքի գագաթնակետին, ինչից հետո դահլիճը երկար ու հոտընկայս ծափահարել է: 

Մասլևն ավելի թեժացրել է մթնոլորտը և որպես բիս կատարել Գրիգ-Գինսբուրգ՝ «Լեռան արքայի քարանձավում» ինքնատիպ, միստիկ ու գրոտեսկային ստեղծագործությունը «Պեր Գյունտ» սյուիտից, որն ուղղակի հրավառության պես փայլատակել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Դմիտրի Մասլեևը համերգից հետո նշել է. «Արդեն երկրորդ անգամ եմ ելույթ ունենում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Շատ տպավորված եմ նրանով, թե երաժիշտները որքան նրբորեն են զգում մենակատարի մեկնաբանության մտադրությունները և որքան արագ ու նրբացգաց են արձագանքում: Անսահման ուրախ էի կրկին հանդես գալ այս հոյակապ համերգասրահում և հանդիպել երախտագետ հայ հանդիսատեսի հետ: Անհամբեր կսպասեմ հաջորդ ելույթիս»:

Համերգի երկրորդ բաժնում սպասվել է տիեզերական ճանապարհորդություն՝ երաժշտության և տեսապատկերների միջոցով: Հնչել է Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» մոնումենտալ սիմֆոնիկ սյուիտը՝ բաղկացած 7 մասից, որից յուրաքանչյուրը նվիրված է Արեգակնային համակարգի մոլորակներին, որոնք տեսանելի են Երկրից՝ Մարս, Վեներա Մերկուրի, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն: Հոլսթի «Մոլորակներ»-ը Թոփչյանի մեկնաբանությամբ հառնել է որպես մեծ, գունեղ ու կատարյալ սիմֆոնիկ կտավ, որը դեռ երկար կմնա մեծապես տպավորված հանդիսատեսի մտապատկերում:

Համերգի հաջորդ օրը Դմիտրի Մասլեևը «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորաբաց «Հարմոնիկ» սրահում վարպետության դաս և կլոր սեղանի շուրջ քննարկում է անցկացրել երիտասարդ դաշնակահարի հետ: 

Մասլեևը նաև Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի դաշնամուրայն ծրագրի ղեկավարն է: Հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նա պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում Հայաստանում: Այս անգամ դաշնակահարը երիտասարդների հետ աշխատել է Ռախմանինովի, Շումանի և Պրոկոֆևի ստեղծագործությունների վրա՝ բացահայտելով կատարողական վարպետության գաղտնիքներ, ոգեշնչելով նրանց ձգտել նորանոր նվաճումների: Մասլեևը շեշտել է՝ շատ ոգևորիչ է եղել տեսնել երիտասարդների մեծ հետաքրքրությունը վարպետության դասերի հանդեպ։ «Այս անգամ 5 տեղի համար 17 դիմում կար, հայտ էր ներկայացվել անգամ Իրանից, ընտրվելու դեպքում դաշնակահարը պատրաստ էր ժամանել Երևան: Տպավորված եմ մասնակիցների բարձր մասնագիտական ​​մակարդակով։ Եվ ամենակարևորը՝ նրանք մեծ նվիրում ունեն, «վառվում» են իրենց գործով և անում են իրենց լավագույնը»,-ընդգծել է երաժիշտը։

Դիտրի Մասլեևին ներկայացնելիս France Musique-ը նրան որակել է որպես «սուպեր-սոլիստ», իսկ հեղինակավոր The Diapason ամսագիրը Ֆրանսիայի ազգային նվագախմբի հետ ելույթը ներկայացրել է որպես «Մասլեևի տրիումֆ», որտեղ դաշնակահարը կատարել է Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում