Հայաստան

Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման աշխատանքները շարունակվում են. այն նաև համալրվել է նորածին բնակչով

4 րոպեի ընթերցում

Երևանի կենդանաբանական այգում  բարեկարգման աշխատանքները շարունակվում են. այն նաև համալրվել է նորածին բնակչով

Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման և նոր ազատավանդակների տեղադրման աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև այն ունի համալրում՝ առաջին անգամ այգում ծնվել է զեբրի ձագ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասնին նշեց Երևանի կենդանաբանական այգու գիտության գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը:

Փոխտնօրենը, խոսելով 2024 թվականին իրականցրած ծրագրերից, նշեց, որ կենդանիների համար կառուցվել է երկու նոր ազատավանդակ, որտեղ առաջիկայում կտեղափոխվեն կենդանիներ, նոր ազատավանդակ ունեն նաև զեբրերը:

«Արդեն պատրաստի նոր ճաղավանդակներ ենք տեղափոխել պսակակիր կռունկներին, որոնք Աֆրիկյան տեսակներ են՝ միջազգային Կարմիր գրքում գրանցված: 2024 թվականի կարևոր ձեռքբերումներից է նաև Կարմիր գրքում ընդգրկված մի քանի կենդանիների բազմացման ուղղությամբ տարվող աշխատանքները, օրինակ՝ մորուքավոր և սպիտակ անգղերի»,-նշեց Աշոտ Ասլանյանը:

Փոխտնօրենի փոխանցմամբ՝ այս տարի այգու պաշտոնական բացմանը՝ մայիսի մեկին ընդառաջ, նոր ճաղավանդակում կցուցադրվեն միջազգային Կարմիր գրքում գրանցված աֆրիկյան բորենիանման շները, որոնք թեև ապրում են այգում, բայց դեռևս չեն ցուցադրվում: Այժմ ընթացքում է նաև սպիտակ վագրի ազատավանդակի կառուցումը, որը մինչև հունիսի մեկը պատրաստ կլինի:

«2025 թվականի ընթացքում պլանավորում ենք մի քանի թռչունների համար ազատավանդակներ կառուցել, որպեսզի լիովին ազատվենք դեռ խորհրդային տարիներից առկա հին և վթարային ազատավանդակներից: Նորերը կպատրաստենք տարվա ընթացքում և կենդանիներին կտեղափոխենք:

Այս պահին նոր կենդանիներ ձեռք բերելու գործընթաց այգին չունի, առաջիկայում դեռևս լինելու են արդեն ցուցադրվող կենդանիները, ինչպես նաև շարունակելու ենք իրականացնել հազվագյուտ և Կարմիր գրքում գրանցված կենդանիների բազմացման ծրագրերը: Նախագծման փուլում է Դիլիջանի ազնվացեղ եղջերուների կենտրոնից մի քանի եղջերուի տեղափոխումը Երևանի կենդանաբանական այգի, որպեսզի և՛ ցուցադրենք, և՛ մասնակցենք տեսակի վերարտադրման ծրագրին, քանի որ այս եղջերուները նույնպես Կարմիր գրքում են: Հայաստանում ապրող այդ եղջերուները ոչնչացած տեսակ են, և այժմ միջազգային հատուկ ծրագիր է իրականացվում նրանց բազմացնելու և վերաբնակեցնելու ուղղությամբ: Նշեմ, որ ծրագրին միանալու և եղջերուների մի քանի առանձնյակ կենդանաբանական այգի տեղափողելու համար  թույլտվությունն արդեն կա»,-ասաց այգու փոխտնօրենը:

Աշոտ Ասլանյանն ուրախությամբ նշեց, որ այգու առաջիկա պլաններում է նաև հայկական մուֆլոնների վերարտադրության ծրագիրը, քանի որ այս տեսակը ևս Հայաստանում անհետացման վտանգի տակ է և առանց հատուկ միջոցառումների դժվար կլինի դրանց պահպանելը. «Մենք այժմ այգում ունենք այս կեդանիների կայուն բազմացող խումբ, սակայն ցանկանում ենք ծրագիրը իրականացնել, որպեսզի հետագայում ստացված սերունդը կարողանանք վերաբնակեցնել ազատ միջավայրում»:

Անդրադառնալով փղի նոր ազատավանդակի հարցին՝ Ասլանյանը նշեց, որ այն ֆինանսական տեսակետից խոշոր ծրագիր է, որն այգին իր բյուջեյով չի կարող իրականացնել: Դիմել են քաղաքապետարանին, որտեղից համապատասխան բաժնից պատասխանել են, որ փղի ազատավանդակի կառուցումը սկսելու համար այս տարի գումար նախատեսված է:

Ասլանյանի խոսքով՝ նոր ազատավանդակի կառուցումը նաև հնարավորություն կտա այգու փղիկի համար նոր ընկերերներ կամ զուգընկերուհի ձեռք բերել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում