Փետրվարի 14-ը նորապսակների օրհնության օրն է, փետրվարի 15-ը՝ սիրահարների

3 րոպեի ընթերցում

Ամեն  տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է  Տյառնընդառաջը։ Այն խորհրդանշում է 40 օրական Մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։  Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է տոնի սկիզբը։ Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ 

Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում  են  փետրվարի 13-ի երեկոյան։ Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում են Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնելով  կրակի շուրջը, բաժանում են ներկաներին։ Իսկ երբ  բոցը ցածրանում է, նորապսակներն ու ներկաները ցատկում են կրակի վրայով: Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ 

Այս տարի գեղեցիկ զուգադիպությամբ Տյառնընդառաջին հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը։ Տոնը շարժական է, հանդիպում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Սուրբ Սարգիսը զորավար էր, ով  իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սրբ․ Սարգիսը համարվում է երիտասարդների սիրո արագահաս բարեխոս։ Այս օրը նաև նշվում է Սարգիսների, Սարգսյանների, Մարտիրոսների և Մարտիրոսյանների անվանակոչության տոնը: Տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով։  Սրբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սրբ. Սարգիս եկեղեցի է բերվում Սրբի մասունքակիր աջը և Մատենադարանից 17-րդ դարում Սրբ. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը։ 

Հայերեն

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում