Փետրվարի 14-ը նորապսակների օրհնության օրն է, փետրվարի 15-ը՝ սիրահարների
3 րոպեի ընթերցում

Ամեն տարի փետրվարի 14-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը։ Այն խորհրդանշում է 40 օրական Մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է տոնի սկիզբը։ Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։
Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում են փետրվարի 13-ի երեկոյան։ Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում են Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնելով կրակի շուրջը, բաժանում են ներկաներին։ Իսկ երբ բոցը ցածրանում է, նորապսակներն ու ներկաները ցատկում են կրակի վրայով: Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։
Այս տարի գեղեցիկ զուգադիպությամբ Տյառնընդառաջին հաջորդում է Սուրբ Սարգսի տոնը։ Տոնը շարժական է, հանդիպում է հունվարի 18-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Սուրբ Սարգիսը զորավար էր, ով իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սրբ․ Սարգիսը համարվում է երիտասարդների սիրո արագահաս բարեխոս։ Այս օրը նաև նշվում է Սարգիսների, Սարգսյանների, Մարտիրոսների և Մարտիրոսյանների անվանակոչության տոնը: Տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև ժողովրդական սովորույթներով։ Սրբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սրբ. Սարգիս եկեղեցի է բերվում Սրբի մասունքակիր աջը և Մատենադարանից 17-րդ դարում Սրբ. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը։