Հայաստան

Ակցիայի նպատակը ՀՀ–Իրան հարաբերություններում խնդիր առաջացնելն էր. Փաշինյանը՝ հրապարակում ադրբեջաներեն երգելու միջադեպի մասին

3 րոպեի ընթերցում

Ակցիայի նպատակը ՀՀ–Իրան հարաբերություններում խնդիր առաջացնելն էր. Փաշինյանը՝ հրապարակում ադրբեջաներեն երգելու միջադեպի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հանրապետության հրապարակում Իրանի քաղաքացիների կողմից Լեռնային Ղարաբաղի մասին ադրբեջաներեն երգ երգելու հետ կապված միջադեպին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:

«Այդ ակցիայի նպատակը ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ: Դա Հայաստան–Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմ առաջացնելու համար է: Դա բեմադրված՝ Հայաստան–Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմ առաջացնելու համար է: Այդ երգը կատարողները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ես չեմ զարմանա, որ ձեզ հայտնի շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել են կանգնեցրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն: Այս է ամբողջ պատմությունը»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց. «Մեկը կերգի Ղարաբաղ, մեկը կերգի Մոսկվա, մեկը կերգի Տիզբոն, մեկը կերգի Հալեպ. կա պարզ բան՝ մեր հանրությունը պետք է դիմակայուն լինի: Գտել են մեր խոցելի տեղը: Ամեն այդպիսի տափակ տեսարանից պետք չէ, որ հանրությունը ցնցվի: Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իր բեմադրած տեսարանն է, թող ցնցվի, ինքը դա արել է հենց ցնցվելու համար: Ադրբեջան, բան...դրանք հեքիաթ են: Դա կոնկրետ նպատակով՝ Հայաստան–Իրան հարաբերություններում պրոբլեմ առաջացնելու համար է՝ ժողովրդական մակարդակում: Մեր հանրությունն ասաց–չասաց, բայց շատ լավ հասկացավ, թե ինչի մասին է»:

Վարչապետը նշեց, որ դեպքի հետ կապված շատ մանրամասներ չգիտի: Սակայն նա նշեց՝ եթե իրավական գնահատականի տեղ կա, ապա պետք է տրվի հենց Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններում պրոբլեմ առաջացնելու հետ կապված: 

Հունվարի 30-ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, թե իբր ադրբեջանցիները Երևանում Հանրապետության հրապարակում Լեռնային Ղարաբաղի մասին երգ էին կատարում: ՀՀ ԱԱԾ-ն հերքել է տարածվող տեղեկատվությունը, թե Հանրապետության հրապարակում ադրբեջանցիներ են եղել՝ տեղեկացնելով, որ այդ անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, որոնքի Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև այս տարվա հունվարի 3-ը: Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե՝ Իրանի մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութի տարածման առնչությամբ։  

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում