7 րոպեի ընթերցում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2024 թվականի արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցը բացահայտել է կոռուպցիայի անհանգստացնող մակարդակներ ամբողջ աշխարհում։ Երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա 50 միավորից ցածր են։ Համաթվի համաշխարհային միջին ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 43 միավոր, ինչն ընդգծում է կոռուպցիայի դեմ հրատապ գործողությունների անհրաժեշտությունը։
Համաձայն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից հրապարակված 2024 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի՝ կոռուպցիայի համաշխարհային մակարդակը շարունակում է մնալ անհանգստացնող բարձր, իսկ այն նվազեցնելու ջանքերը՝ գնալով թուլացող։ Ընդհանուր առմամբ՝ ԿԸՀ-ն դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նշեց, որ Հայաստանի ԿԸՀ-ի 2024 թվականի արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր։ Նա հայտնեց, որ Հայաստանը 2024 թվականի աղյուսակում 180 երկրների շարքում Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը։
Ըստ տարածաշրջանային բաժանման՝ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա - Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ։ Ինչպես և նախորդ չորս տարիներին, Հայաստանի ԿԸՀ արժեքը 2024 թվականին (47) ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջին արժեքից (43)։ Այն նաև գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) 2024 թվականի ԿԸՀ արժեքները։ Մեր հարևաններից Թուրքիան (34) կիսում է 107-113-րդ տեղերը, Իրանը (23)` 151-153-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (22)՝ 154-157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (40) զբաղեցնում է 88-91-րդ տեղերը, Բելառուսը (33)՝ 114-120-րդ տեղերը, Ղրղզստանը (25)՝ 146-148-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 154-157-րդ տեղերը։
Հոկտանյանը հավելեց, որ Հայաստանը Եվրախորհրդի անդամ երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։ «Սա նշանակում է, որ Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում, առավել ևս, որ մեր երկիրը ձգտում է դեպի Եվրոպա՝ նպատակ ունենալով հետագայում դառնալ Եվրամիության անդամ»,- ասաց Հոկտանյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանում կա՞ արդյոք համակարգված կոռուպցիա, Հոկտանյանը շեշտեց, որ դա պարզելու համար անհրաժեշտ է անցկացել խորը և մանրազնին ուսումնասիրություններ։
«Հայաստանում բոլորն ընդունում են, որ կա որոշ ծավալի կոռուպցիա։ Բնական է, որ փորձագետներն ու գործարարները կարծիքներ են հայտնում այդ հարցի վերաբերյալ։ Համակարգային կոռուպցիան միանշանակ ամենավատ տարբերակն է, իսկ թե կա՞ նման բան Հայաստանում, պետք է անցկացնել լուրջ հետազոտություններ։ Եթե Հայաստանի միավորը 47 է, ապա դա արդեն իսկ մտահոգիչ ազդանշան է, այսինքն՝ մեծ ռիսկերի հավանականությունը պահպանվում է, իհարկե ոչ այնքան, որքան առաջ էր։ Իշխանությունները պետք է ներկայացնեն համապատասխան ուսումնասիրություններ՝ ապացուցելու, որ երկրում համակարգված կոռուպցիա չկա։ Նման քննարկումների միջոցով կունենանք ավելի ամբողջական պատկեր, թե ինչպես են գնահատվում պետության կանխարգելիչ քայլերը»,- ասաց Հոկտանյանը։
Նրա բնորոշմամբ՝ մենք այժմ գտնվում ենք լճացման փուլում։ Դա նշանակում է, որ այն ռազմավարությունները, որոնք ընդունվել են, ընդունվում են և դեռ կընդունվեն, շատ ավելի լուրջ ուշադրության պետք է արժանանան, որպեսզի չմնան թղթի վրա։ Սա առաջին խնդիրն է, որ անհրաժեշտ է լուծել։
«Վերջին տարիների որոշակի դրական դինամիկայից խանդավառվելը դեռ քիչ է, պետք է հասկանալ, թե կոնկրետ միջոցառումների կատարումն ինչ ազդեցություն է ունենում բնակչության ընկալումների վրա։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն առաջին երկու տարիներին ԿԸՀ դինամիկայի առումով գրանցեց նույնիսկ ռեկորդային ցուցանիշներ։ Հետո դժբախտաբար մենք հայտնվեցինք լճացման փուլում, ուստի պետք է արվեն լուրջ քայլեր, լինի համակարգային վերանայում, որպեսզի տվյալ երևույթից կարողանանք ձերբազատվել։ Իհարկե մեզ մոտ նախկին վիճակը չէ, բայց եթե առաջընթաց չլինի, հետագայում կկանգնենք հավելյալ խնդիրների առջև»,- եզրափակեց Հոկտանյանը
Սկսած 1995 թվականի առաջին հրապարակումից՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը՝ օգտագործելով տվյալներ արտաքին աղբյուրներից, որոնց թվում՝ Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ ԿԸՀ համաթիվը երկրներին դասակարգում է ըստ նրանց հանրային ոլորտների կոռումպացվածության մասին ընկալման։ Համաթվի միավորները արտահայտում են փորձագետների և բիզնես ոլորտի տեսակետները և ո՛չ լայն հանրության կարծիքը։
ԿԸՀ տվյալները հաշվարկվում են 13 տարբեր արտաքին աղբյուրների համադրմամբ։ Բոլոր աղբյուրների կողմից յուրաքանչյուր երկրին տրված միավորների միջինացված արդյունքը հանդիսանում է համաթվում ընդգրկված երկրների ԿԸՀ արժեքը։
Հայաստանի ԿԸՀ 2024թ․ համաթիվը որոշելիս հաշվի են առնվել Բերթելսմանի հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, 2023-ին՝ 49), Ֆրիդոմ Հաուսի «Անցումային փուլում գտնվող պետություններ» 2024թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, 2023-ին՝ 44), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2024թ. վարկանիշը (46 միավոր, 2023-ին՝ 47), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2024թ. ուղեցույցը (33 միավոր, 2023-ին՝ 32), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2024 թ․-ի հրապարակումը (50 միավոր, 2023-ին՝ 55) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2024թ. հրապարակումը (56 միավոր, 2023-ին՝ 54):