Մերձավոր Արևելք

Սիրիայի նախագահը երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անարդար է համարում Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահը երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անարդար է համարում Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո

Նախկին իշխանության հեռանալուց հետո ԱՄՆ-ի պատժամիջոցներն Սիրիայի նկատմամբ այլևս արդարացված չեն։ Այս  մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան՝ անդրադառնալով Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին և մատնանշելով, որ «միջազգային համաձայնություն կա դրանք վերացնելու անհրաժեշտության շուրջ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը։

Աշ-Շարաան պարզաբանել է, որ Սիրիան կանգնած է անվտանգության մեծ մարտահրավերների առաջ, և դրանց լուծումներից մեկը տնտեսական զարգացումն է։ Նրա խոսքով՝ առանց տնտեսական աճի կայունություն չի լինի, ինչն էլ քաոս ու անապահովություն կառաջացնի։

Սիրիայի նախագահն անդրադարձել է նաև Բաշար Ասադի իշխանությունից հեռանալուց հետո ռազմական հաստատության վերականգնմանը և նշել, որ հազարավոր կամավորներ են միացել սիրիական նոր բանակին։ Նա շեշտել է, որ պարտադիր զորակոչ չի սահմանել, այլ ընտրել է կամավոր զորակոչը՝ մատնանշելով, որ մեծ թվով երիտասարդներ փախել են Սիրիայից՝ խուսափելով նախկին իշխանությունների կողմից պարտադրված զինծառայությունից։

Անցումային փուլում նախագահությունը ստանձնելու իր որոշման վերաբերյալ աշ-Շարաան ասել է. «Ես չեմ ձգտել նախագահի պաշտոնի, այլ պատասխանատվությունն ինքն իրեն է առաջ եկել, և այժմ նպատակը նոր, ուժեղ և կայուն Սիրիա կառուցելն է»:

Անդրադառնալով Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ Սիրիայի նախագահը դատապարտել է Գազայի բնակչությանը տեղահանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը՝ ընդգծելով, որ այն չի հաջողվի։

 «Գազայի ժողովուրդը մեկուկես տարի տառապանքի, սպանության և ավերածությունների է արժանացել և հրաժարվել է լքել իր երկիրը», - ասել է նա՝ ընդգծելով, որ «մարդկանց իրենց հողից վտարելը մեծ հանցագործություն է, որը չի կարող լինել և չի հաջողվի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում