3 րոպեի ընթերցում
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հրաժարական կտա փետրվարի 12-ին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որը տարածել են ռումինական լրատվամիջոցները։
«Այսօր Ռումինիայի խորհրդարանը նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգ է սկսել»,- ասել է Յոհանիսը՝ անհիմն անվանելով այդ քայլը: «Մի քանի օրից Ռումինիայի խորհրդարանը կողմ կքվեարկի իմ հրաժարականին, և Ռումինիան կհայտնվի ճգնաժամային վիճակում, քանի որ կսկսվի նախագահի հրաժարականի հանրաքվեն»,-նշել է նա։ Նախագահի ելույթը հեռարձակել են ռումինական լրատվամիջոցները։
Յոհանիսը կանխատեսում է ռումինական հասարակության պառակտում, և նշում, որ արտերկրում ոչ ոք չի հասկանա, թե ինչու է այդ դեմարշը ձեռնարկվել, եթե արդեն իսկ նախապատրաստվում են նախագահական ընտրությունները։
«Ռումինիային և Ռումինիայի քաղաքացիներին այս ճգնաժամից, նման անօգուտ և բացասական զարգացումից փրկելու համար ես հրաժարական եմ տալիս նախագահի պաշտոնից», - ասում է նա:
2024 թվականի նոյեմբերի 24-ին Ռումինիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որում հաղթել է անկախ թեկնածու Կելին Ջորջեսկուն՝ հավաքելով ձայների 22, 94 տոկոսը։ Երկրորդ տեղը 19,18 տոկոսով զբաղեցրել է աջ կենտրոնամետ «Միություն հանուն Ռումինիայի փրկության» առաջնորդ Ելենա Լասկոնին։ Նրանք պետք է հանդիպեին դեկտեմբերի 8-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում։
Դեկտեմբերի 6-ին Ռումինիայի սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել ամբողջ ընտրական գործընթացը, նոր ընտրությունների որոշում է կայացրել, ներառյալ նախընտրական քարոզարշավը և հաստատել, որ Յոհանիսը կշարունակի կատարել նախագահի պարտականությունները մինչև պետության նոր ղեկավարի երդմնակալությունը: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ռումինիայի հետախուզական ծառայությունները գաղտնազերծել են փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ Ջորջեսկուն անօրինական ֆինանսավորել է իր նախընտրական արշավը, որ եղել են հաքերային հարձակումներ ընտրական գործընթացում օգտագործվող թվային ենթակառուցվածքի վրա։