Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին
2 րոպեի ընթերցում
![Գարեգին վարդապետ Համբարձումյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/b8MmqkxhkMAk7tpmTrOZS2EECw4vFHx0OAFDlxZE.webp)
Վաշինգտոնում օրերս տեղի ունեցած 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Միջոցառմանը ուղերձով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, բանախոսություններ են ներկայացրել քաղաքական, կրոնական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։
Գագաթնաժողովի նիստերին մասնակցում էր նաև Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ)։
«Հայր Գարեգինը իր մասնակցությունը բերեց նաև ԱՄՆ Կոնգրեսում գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված նիստին` բարձրաձայնելով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, ինչպես և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հրամայականը: ԱՄՆ կոնգրեսականների հետ առանձին հանդիպումների ընթացքում Հայր Սուրբը ներկայացրեց մանրամասն զեկույցներ, որոնք պատրաստվել էին Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ։
Զեկույցներում փաստագրված էին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը, որոնք պաշտոնապես ներկայացվեցին ԱՄՆ օրենսդիրներին՝ հարցի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և գործուն քայլերի ձեռնարկման նպատակով»,- նշված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ: