Տնտեսություն

ԶՊՄԿ-ի աշխատանքների խաթարումը տնտեսությանը հսկայական վնասներ է հասցնում. Սարգիս Քելյան

3 րոպեի ընթերցում

ԶՊՄԿ-ի աշխատանքների խաթարումը տնտեսությանը հսկայական վնասներ է հասցնում. Սարգիս Քելյան

Հայաստանի ամենախոշոր հարկատուի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների գործադուլի պատճառով կոմբինատի գործունեության խաթարումը տնտեսությանը լուրջ վնասներ է հասցնում:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը՝ անդրադառնալով կոմբինատի աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներին ու գործադուլին: 

«1-2 օր տևեր, ինչ-որ չափով կարելի էր համարել նորմալ: Բայց սա արդեն շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում կոմբինատին, բնականաբար, նաև տնտեսությանը: Դրա պատճառով շատ լուրջ խնդրի առաջ կարող է կանգնեցնել այն հանգամանքը, որ համար առաջին հարկատուն միլիոնավոր դրամների հարկ չի մուծելու: Տնտեսությանը հասցված վնասները հսկայական են: Անգամ աշխատակիցներն են կրելու վնաս, չեն վարձատրվելու այս ընթացքում»,-ասաց Քելյանը:

Ըստ նրա՝ տուժում է ոչ միայն ԶՊՄԿ-ն, այլ նաև գործընկեր կազմակերպությունները: Քելյանի խոսքով՝ խաթարվում է նաև ուսումնական գործընթացը, ուսանողները պրակտիկա են անցնում կոմբինատում, իր ղեկավարած ֆակուլտետի ուսանողները մեկ ամսից պետք է սկսեին նաև արտադրական պրակտիկան:   

Խնդրի լուծումը Քելյանը տեսնում է միայն կառուցողական քննարկմամբ: Ըստ նրա՝ հակառակ դեպքում, եթե գործընթացը ևս 1-2 օր շարունակվի, կորուստները հսկայական կլինեն:

«Ցանկացած կազմակերպության մեջ լինում են դժգոհություններ, բայց դրանք քննարկումների արդյունքում, վստահ եմ, շտկվում են: Չկա չլուծվող հարց: Նման ձևաչափով, նման վնասներ կրելով՝ հարցի լուծումն անիրատեսական եմ համարում: Սա մի կողմից դիտարկվում է որպես ղեկավարության վրա ճնշում, իսկ այդպես չի ստացվի հարցերը լուծել»,-ասաց նա՝ շեշտելով կառուցողական քննարկմամբ լուծմանը հասնելու անհրաժեշտությունը: 

Քելյանի նկատեց՝ կոմբինատը պատրաստակամություն է հայտնել բավարարել աշխատակիցների առաջարկները, այդ թվում՝ ընդհանուր աշխատավարձային ֆոնդը միջինը 20 տոկոսով ավելացնել, լուծել նաև բժշկական ապահովագրության հետ կապված հարցը: Նրա կարծիքով՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի, 1-2 օրվա հարց չէ: 

Շուրջ 10 օր է, ինչ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են իրականացում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և ԶՊՄԿ ՓԲԸ արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ աշխատակիցների այդ գործողությունները համարելով ապօրինի, իսկ նրանց պահանջները՝ անիրատեսական։ Նրանք ընդգծել էին, որ կոմբինատն այդ գործողությունների հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրում, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրում է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։  Փետրվարի 10-ին տարածած հայտարարությամբ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը խոստացել է լուծում տալ աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում