Իրավունք

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը խոստացել է լուծում տալ աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներին

3 րոպեի ընթերցում

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը խոստացել է լուծում տալ աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը գործադուլ հայտարարած աշխատակիցներին կոչ է արել վերադառնալ աշխատանքի՝ խոստանալով լուծում տալ նրանց բարձրաձայնած խնդիրներին: «Արմենպրես»-ը ԶՊՄԿ-ի տարածած հայտարարությունը ներկայացնում է ստորև: 

«ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։

1. Աշխատավարձի քաղաքականություն

Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն մեկնարկած գործընթացի արդյունքում ընդհանուր աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20%-ով։ Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում։

2. Բժշկական ապահովագրություն

Հաշվի առնելով բժշկական ապահովագրության վերաբերյալ ստացված բազմաթիվ գրավոր և բանավոր բողոքները՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը փետրվարի 17-ին կհայտարարի բաց մրցույթ և կընտրի նոր ապահովագրական ընկերություն, որը կապահովի աշխատակիցների պահանջներին համապատասխան որակյալ ծառայություններ։

3. Աշխատանքային պայմանների բարելավում

Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն իրականացնում է առկա համակարգերի ու նախագծերի տեխնիկական աուդիտ։ Աուդիտն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո մեկնարկել է նոր համակարգերի նախագծման և ձեռքբերման գործընթացը։ Ընկերությունը երաշխավորում է, որ ժամանակակից, բարձր արդյունավետությամբ օդափոխության և ասպիրացիայի համակարգերը կտեղակայվեն հիմնական արտադրամասերում ոչ ուշ, քան 2025 թվականի ավարտը։

Հարգելի աշխատակիցներ, կոչ ենք անում վերադառնալ ձեր աշխատավայրերը։ Այս նպատակներին և խնդիրների լուծմանը մենք կարող ենք հասնել միասին։ 

ԶՊՄԿ-ն միասնական կոլեկտիվ է, և մեր ընդհանուր նպատակն է կոմբինատի արդյունավետ աշխատանքը՝ ի շահ աշխատակիցների բարեկեցության, տարածաշրջանի զարգացման և Հայաստանի բարգավաճման»,- նշված է հայտարարության մեջ: 

ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում