2 րոպեի ընթերցում
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մոտ մեկ շաբաթ կոմբինատի մի խումբ աշխատակիցների և կոմբինատի հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է կրել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոն դրամի վնաս։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։
«Մոտ մեկ շաբաթ մի խումբ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ հետ չառնչվող քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով ընկերության բնականոն գործունեության ապօրինի խաթարման արդյունքում ընկերությունը օրական մոտ 400 միլիոն դրամի վնաս է հասցվել, իսկ պետությունը միայն հարկերի տեսքով կրել է օրական ավելի քան 100 միլիոնի դրամի վնաս։ Տուժել են ընկերության հազարավոր աշխատակիցներ։ Ակնկալում ենք, որ օրինախախտները կկրեն տեղի ունեցածի համար օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- հայտնել են ԶՊՄԿ-ից։
ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ է, ինչ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջներն անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին։