Միացյալ Նահանգների Կոնգրեսը հյուրընկալել է Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները բարձրաձայնել են նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը՝ մանրամասնելով, որ կրոնական հալածանքների ու ազատությունների թեմայով քննարկումներին մասնակցել են ամերիկացի կոնգրեսականներ, մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստներ և հանրային դեմքեր։
Հաղորդվում է, որ միջոցառմանը ներկաներին ողջունել են Կրոնական ազատությունների միջազգային տարեկան գագաթնաժողովի համանախագահներ Սեմ Բրաունբեքն ու Քաթրինա Լանտոս Սվեթը, իսկ քննարկումներին մասնակցած հանրապետական կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսն ու Քրիս Սմիթը ընդգծել են մարդու կրոնական ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությունը:
Կոնգրեսական Քրիս Սմիթը, խոսելով հայկական հիմնախնդիրների մասին, քննադատության է ենթարկել ԱՄՆ նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտել է Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար:
«Ես երկու անգամ հանդիպել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականության և մարդու իրավունքների հարցում որդեգրած մոտեցումների համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ, և դա միանգամայն պարզ դարձնենք»,-ասել է կոնգրեսական Սմիթը:
Նշվում է, որ Հայաստանին վերաբերող քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:
Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմի առաջին օրերին տեղի ունեցող այս գագաթնաժողովը հնարավորություն է փոխել նախորդ վարչակազմի որդեգրած քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի պատասխանատու: Նա հույս ունի, որ գործող վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:
«Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ստանալու կոալիցիոն գործընկերների ու քրիստոնյա բարեկամների աջակցությունը և նրանց ներգրավել հայ ազգին մտահոգող խնդիրներում: Բայց դա նաև մեզ համար հնարավորություն է քրտնաջան աշխատել, որպեսզի օգնել Նիգերիայում, Սիրիայում, Չինաստանում կամ աշխարհի այլ հատվածներում մարտահրավերներին առերեսվող քրիստոնյաներին»,- ասել է Համբարյանը:
Իր հերթին, Կրոնական ազատությունների գագաթնաժողովի շրջանակում քննարկումներից մեկի հովանավոր՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանն ընդգծում է՝ գագաթնաժողովը լավ հնարավորություն է երկխոսել այլ համայնքների ու խմբերի հետ՝ մեծացնելով իրազեկությունը միմյանց հուզող հարցերի նկատմամբ:
«Մենք բարձրացնում ենք իրազեկությունն Արցախում վերջին մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցող էթնիկական զտումների և զարգացումների մասին և շեշտում, որ Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը հայկական ժառանգության և մշակութային, կրոնական հուշարձանների հանդեպ»,- ասել է Խալոյանը։
Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և իրավապաշտպաների, ակտիվիստների, հոգևորականների, առաջնորդների ելույթներ:
Հայտնի է, որ գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ դի Վենսի ելույթը: