Մերձավոր Արևելք

Գազայի առողջապահության նախարարությունը  հրապարակել է Իսրայելի գնդակոծությունների զոհերի նոր թիվը

2 րոպեի ընթերցում

Գազայի առողջապահության նախարարությունը  հրապարակել է Իսրայելի գնդակոծությունների զոհերի նոր թիվը

Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած պատերազմից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունների զոհերի թիվը հասել է 47 518-ի, իսկ վիրավորներինը՝ 111 612-ի։ Հազարավոր զոհեր դեռևս գտնվում են փլատակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RT Arabic լրատվական գործակալությունը։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ  տրամադրվող բժշկական օգնությունները չեն բավարարում հրատապ կարիքների 20%-ը՝ պարզաբանելով, որ միջազգային կառույցները ստացել են բուժման կարիքների մանրամասն ցուցակներ, սակայն ներկայումս տրամադրվող օժանդակություններն առաջնահերթությունների շրջանակից դուրս են։

Նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի հետևանքով 20 վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, 250 մարդ գերեվարվել էր։

Հունվարի 19-ից ուժի մեջ է մտել Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաստատված հրադադարը, որի շրջանակներում ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդները պետք է հայրենիք վերադառնան՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների ազատ արձակման դիմաց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում