Հունական Սանտորինիի բնակիչները զանգվածաբար լքում են կղզին վերջին օրերին տեղի ունեցած բազմաթիվ երկրաշարժերի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հունական Naftemporiki պարբերականը։
Սանտորինի կղզին, ըստ զբոսաշրջային գործակալությունների նախնական գնահատումների, լքել է 5000-ից ավելի մարդ։ SKAI հեռուստաընկերությունը, վկայակոչելով ավելի նոր տվյալներ, հաղորդում է կղզուց 9000 մարդու հեռանալու մասին։ Սանտորինիի մշտական բնակչությունը 15 000 է։
Աճող պահանջարկը բավարարելու համար ավելացվել են օդային և ջրային ուղևորափոխադրումները։
Բնակիչների հաղորդմամբ՝ «ոտքերի տակ հողը շարժվում է յուրաքանչյուր տասը րոպեն մեկ անգամ»։
Միևնույն ժամանակ պարբերականը, վկայակոչելով բնակիչներին, նշում է, որ կղզու վրա կյանքը կանգ չի առել. խանութները բացվում են, մարդիկ գնում են աշխատանքի։
Վաղ առավոտյան Էգեյան ծովի Կիկլադյան արշիպելագի կղզիներում արձանագրվել են 4 մագնիտուդով մի քանի ստորգետնյա ցնցումներ, առավոտյան ժամը 5։00-ին՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժ։
Սանտորինիում և մի քանի այլ կղզիներում դպրոցները փակ կմնան ամբողջ շաբաթ։ Բոլոր փրկարարները պատրաստության վիճակի են բերվել։
Սանտորինիի մերձակայքում վերջին օրերի ընթացքում գրանցվել է տարբեր ուժգնության ավելի քան 200 երկրաշարժ:
Քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել շենքերի ներսում մեծ կուտակումներից։ Սանտորինիի շատ բնակիչներ գիշերել են փողոցներում՝ մեքենաների և վրանների մեջ: