ԵՆԲ Գլոբալը և Ամերիաբանկը միավորում են ուժերը՝ փոքր բիզնեսին 105 մլն եվրո արժողությամբ վարկային աջակցություն տրամադրելու նպատակով

5 րոպեի ընթերցում

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ Գլոբալ) առաջին անգամ միավորել է ուժերն Ամերիաբանկի հետ և տրամադրել 105 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսավորում, ինչը հանդիսանում է իր ամենամեծ անմիջականորեն տրվող վարկը Հարավային Կովկասի տարածաշրջանում գտնվող բանկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական ներդրումային բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, գործարքի նպատակն է ֆինանսավորել ներդրումներն աճը, մրցունակությունը և երկրում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) և միջին կապիտալիզացիայի ընկերությունների կողմից իրականացվող ավելի էկոլոգիական և կայուն գործելակերպը: Այս նախաձեռնությունը կարևորում է «ԵՆԲ Գլոբալ»-ի հանձնառությունը՝ ուղղված տնտեսական զարգացումը խթանելուն, մասնավոր հատվածի զարգացման աջակցմանը, ինչպես նաև Հայաստանում կայուն աշխատատեղերի ստեղծմանը։

Ֆինանսավորումն Ամերիաբանկին հնարավորություն կտա մատչելի գներով վարկ տրամադրել տեղական բիզնեսներին։ Ակնկալվում է, որ այս վարկավորման արդյունքում կօգտվեն մոտ 400 ՄՓՄՁ-ներ, որը կապահովի շուրջ 15,000 աշխատատեղ Հայաստանի տնտեսությունում։ Վարկի առնվազն 20%-ն ուղղվելու է էկո ներդրումներին, ինչը կնպաստի, որ Հայաստանն անցում կատարի ավելի կայուն և դիմացկուն տնտեսության։

«Մենք ուրախ ենք Ամերիաբանկի հետ գործակցելու առնչությամբ՝ Հայաստանի մասնավոր հատվածը ամրապնդելու և կայուն տնտեսական աճը խթանելու համար: Այս շրջադարձային գործարքը նշանակալի քայլ է դեպի մեր հանձնառությունը՝ կայուն զարգացումը և տնտեսական կայունությունը խթանելու ուղղությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) և Հայաստանի առաջնահերթություններին համահունչ»,- ասել է Հայաստանում ԵՆԲ գործունեությունը վերահսկող, ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։ 

Ֆինանսավորման մի մասը հասանելի կլինի տեղական արժույթով՝ ՄՓՄՁ-ներին արժույթային վտանգներից պաշտպանելու նպատակով։ ԵՄ-ն աջակցում է գործարքին դրամաշնորհային ֆինանսավորման տեսքով, ինչը հնարավորություն է տալիս վարկի համար սահմանել մատչելի տոկոսադրույք։ Ֆինանսատնտեսական գործարքը նպաստում է ԵՄ-ի նպատակին՝ աջակցելու 30,000 ՄՓՄՁ-ներին՝ հանուն կայուն, նորարար և մրցունակ տնտեսության՝ որպես Արևելյան գործընկերության տնտեսական և Ներդրումային ծրագրի Հայաստանի հինգ հենասյուներից մեկը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի խոսքով՝ Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) աջակցությամբ իրենք կատարում են հանձնառություն՝ հետագա օժանդակություն ցուցաբերելու հայկական մասնավոր հատվածին և նպաստելու ֆինանսավորման, այդ թվում՝ տեղական արժույթով հասանելիության հրատապ կարիքների լուծմանը։ 

«Այս աջակցությունը Հայաստանի համար նախատեսված Եվրոպական ներդրումային ծրագրի (EIP) մասն է, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման և բարօրության խթանմանը։ Մենք կշարունակենք այս ջանքերը՝ 2024-2027 թվականներին «Դիմադրողականություն և աճ» ծրագրի շրջանակում տրամադրելով ընդհանուր առմամբ 270 միլիոն եվրո։ Դրա մեծ մասը կհատկացվի բիզնեսի զարգացմանը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտին, ստարտափներին և նոր արտահանման հնարավորություններին, ինչը կաջակցի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»,- ասել է նա: 

Ամերիաբանկի լայնատարած ցանցի միջոցով դրամական միջոցները կհասնեն անբավարար սպասարկվող բիզնեսներին, ինչը հնարավորություն կտա նրանց կատարել ներդրումներ աճի, մրցունակության բարելավման և էկոլոգիապես կայուն գործելակերպի կիրառման ուղղությամբ։

Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշել է.

«Ուրախ ենք Եվրոպական ներդրումային բանկի (EIB Global) հետ համագործակցության համար, որով վերահաստատում ենք Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու մեր հանձնառությունը: Այս համագործակցությունը տեղական բիզնեսներին կընձեռի մատչելի ֆինանսավորում ստանալու հնարավորություն, ինչը թույլ կտա բացահայտելու իրենց ողջ ներուժը և զգալիորեն նպաստելու Հայաստանի տնտեսական աճին: Որպես Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատու բանկը, որն ունի նշանակալի պորտֆել կանաչ և կայուն ֆինանսավորման ոլորտում, ուզում ենք վստահություն հայտնել, որ մենք կարող ենք Հայաստանի համար ավելի կայուն և ներառական տնտեսական ապագա կերտել»:

Հայերեն English