Նկատելիորեն աճել է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված երեխաների թիվը. ԿԳՄՍ նախարար
1 րոպեի ընթերցում
Կառավարության համար շարունակում է ամենակարևոր խնդիրը մնալ նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության մակարդակի շարունակական մեծացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ կառավարությունը լուրջ հաջողություններ արդեն արձանագրել է։
«Մասնավորապես, 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում և նաև այլ աշխատանքների արդյունքում նկատելիորեն մեծացել է նախադպրոցական հաստատություններում ընդգրկված սովորողների թիվը։ Այս պահին ունենք 82 հազար երեխաներ, որոնք ընդգրկված են 3-ից 5 տարեկան երեխաների համար նախատեսված նախադպրոցական հաստատություններում, որը կազմում է տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսը։ 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63,6 տոկոս։ Այսինքն՝ մենք երկու տարվա ընթացքում կարողացել ենք ապահովել աճ՝ շուրջ 12 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ շուրջ 20 տոկոս աճ ենք ապահովել, ինչը ցույց է տալիս, որ բավականին լուրջ արդյունք կա»,- ընդգծեց նախարարը։