Տնտեսություն

ԵԱՏՄ-ն անդամ երկրների արդյունաբերական ճյուղերում նոր նախագծեր կֆինանսավորի․ Գոհար Բարսեղյանը հայկական բիզնեսին կոչ է անում ակտիվ լինել

3 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն անդամ երկրների արդյունաբերական ճյուղերում նոր նախագծեր կֆինանսավորի․ Գոհար Բարսեղյանը հայկական բիզնեսին կոչ է անում ակտիվ լինել

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման նոր մեխանիզմի շրջանակում կսուբսիդավորվեն առաջին երկու նախագծերը:  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը՝ մանրամասնելով, որ ԵՏՀ խորհուրդը հունվարի 22-ին կայացած նիստում  հաստատել է երկու եռակողմ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի սուբսիդավորման առաջին հայտերը։ 

«Խոսքը՝ «Մուրոմյան սլաքային գործարան»-ի՝ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ արագընթաց երկաթուղային մայրուղու շինարարության համար արտադրանքի թողարկման և «Kazrost Engineering Ltd» ընկերության՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի խցիկների արտադրության ընդլայնման և հավաքման տեղայնացման նախագծերին է վերաբերում:

Մեխանիզմի հիմնական նպատակն է ստեղծել համատեղ կոոպերացիոն արժեքային շղթաներ, որոնք ուղղված են նոր արտադրական հզորությունների ստեղծմանը կամ առկա հզորությունների արդիականացմանը՝ Միության երկրների ներուժի օգտագործմամբ։ Մեխանիզմը նախատեսում է սուբսիդավորել Միության բյուջեից ֆինանսական կազմակերպության կողմից արդյունաբերական նախագծի իրականացման համար ձեռնարկությանը տրամադրված վարկի կամ փոխառության տոկոսադրույքը՝ անդամ պետության կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի 100%-ի չափով»,- նշել է Բարսեղյանը։ 

Համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման այս նոր փորձնական նախագիծը նախատեսված է 5 տարվա համար և իրականացվում է վերամշակող արդյունաբերության բոլոր ճյուղերում՝ բացառությամբ սննդի վերամշակման։ Մեկ նախագծի համար սուբսիդավորման առավելագույն չափը չպետք է գերազանցի 350 միլիոն ռուբլին մեկ տարում, իսկ բանկերի վարկային տոկոսադրույքների առավելագույն սահմանը չի կարող գերազանցել անդամ պետության հիմնական տոկոսադրույքը՝ գումարած 6,5%։ 

Ըստ մեր զրուցակցի՝ հաստատվել է նաև 64 բանկերի և 9 զարգացման ինստիտուտների ցանկ, որոնք իրավունք ունեն մասնակցելու այս մեխանիզմին (Հայաստանի դեպքում՝ 17 բանկ)։ 

«Կոչ եմ անում հայկական բիզնեսին ավելի ակտիվորեն ներգրավվել նախագծերի մշակման գործընթացում։ Հանձնաժողովի կողմից հաստատում եմ մեր պատրաստակամությունը աջակցելու բիզնեսի ցանկացած նախաձեռնությանը իրական հատվածում։ Մենք պատրաստ ենք աջակցել հայկական ձեռնարկություններին՝ լրացուցիչ խորհրդատվություններ տրամադրելու, մեխանիզմի մանրամասները պարզաբանելու, ԵԱՏՄ-ի շրջանակում կապեր հաստատելու և գործընկերներ գտնելու գործում։ Հուսով եմ, որ Հայաստանի բիզնեսը շուտով կդառնա եվրասիական կոոպերացիոն շղթաների մաս»,- ասել է ԵՏՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում