Եվրոպա

Սերբիայում ցուցարարներն արգելափակել են խոշոր տրանսպորտային հանգույց

2 րոպեի ընթերցում

AP Photo
AP Photo

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խոշոր տրանսպորտային հանգույց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքով՝ նմանօրինակ բողոքները ֆինանսավորվում են արտասահմանից, իսկ դրանց նպատակը իշխանությունը տապալելն է։

Սերբիայում զանգվածային ուսանողական ցույցերը շարունակվում են նոյեմբերից։ Այս անգամ դրանց կազմակերպիչները կոչ են արել 24 ժամով արգելափակել «Ավտոկոմանդա»-ն՝ Բելգրադի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը։ Ակցիան համընկել է Սերբական ուղղափառ եկեղեցու հիմնադիր, երիտասարդության և կրթության հովանավոր սուրբ Սավայի պատվին նշվող տոնի հետ։

Ժամը 10:00-ի սահմաններում տարբեր ֆակուլտետներից շարասյուներն արգելափակել են երթևեկությունը «Ավտոկոմանդա»-ով անցնող մի քանի ճանապարհների վրա։ 

Ակցիայի մասնակիցները 15 րոպե լռությամբ հարգել են Նովի Սադի երկաթուղային կայարանում հովարի փլուզման հետևանքով զոհված 15 անձանց հիշատակը։ Նրանք պահանջում են հրապարակել կայարանի վերակառուցման վերաբերյալ ամբողջական փաստաթղթերը, ողբերգությանը մասնակից պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկել և բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված բոլոր անձանց ազատել հետապնդումից։

Ավելի ուշ սպասվում է Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչի ուղերձը։

Նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզվել է բետոնից, մետաղից և ապակուց 50 մետրանոց հովանոցը։ Զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, բոլորը Սերբիայի քաղաքացիներ էին, բացառությամբ Հյուսիսային Մակեդոնիայի մեկ քաղաքացու։ Այս միջադեպից հետո սերբ ուսանողներն ու ընդդիմությունը բողոքի ցույցեր են սկսել Նովի Սադում, Բելգրադում, Կրագուևացում և այլ քաղաքներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում