Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դժվարին, բայց անխուսափելի գործընթաց է. վերլուծություն

13 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները բոլոր հնարավոր առիթներով շեշտում են, որ Հայաստանը պատրաստ է վերագործարկելու իր տարածքով անցնող բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները բոլոր ուղղություններով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշած և Հայաստանը  «Խաղաղության խաչմերուկ» դարձնելուն ուղղված նախաձեռնությունը վկայում է, որ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ռազմավարական միջազգային տրասնպորտային առանցքների շահագործման հարցը այսօրվա Հայաստանի համար առաջնահերթություն է և գերխնդիր։ 

1993թ․ մայիսին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման օրերին Թուրքիայի կառավարությունը փակեց Հայաստան մտնող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները և տնտեսական էմբարգո հայտարարեց, ինչը ենթադրում էր Հայաստանից արտահանվող ապրանքների և ծառայությունների նկատմամբ լիակատար արգելք։ Այդ ժամանակաշրջանում սկսված երկկողմ հարաբերությունների կարգավորման ջանքերը, հակառակ երկխոսության ակտիվացմանը և բանակցությունների ինտենսիվությանը, մնացին անարդյունք։ Հիշեցնենք, որ Հայաստանը 1991թ․ վերջից սկսած պաշտոնապես հանդես էր գալիս հարևան Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքերից։ Թուրքիայի իշխանությունները, որոնք Հայաստանը ճանաչել էին խորհրդային 11 հանրապետությունների շարքում, բայց չէին հաստատել նրա հետ դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանի հետ նորմալ կապեր ունենալու համար առաջադրեցին մի քանի նախապայման։ Դրանցից գլխավորը երկուսն էին։ Առաջինը պահանջն էր հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը առաջ մղելուց։ Երկրորդը՝ պահանջն էր միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում և դուրս բերել հայկական զինված ուժերը հակամարտության գոտուց։ Մյուս, համեմատաբար ավելի երկրորդական գնահատվող նախապայմանների քննարկմանը ուղղակի հերթը չէր հասել, որովհետև այս նախապայմանների ընդունման հարցում ըմբռնում չառաջացավ։ 

Հայաստանի իշխանությունները, թե՛ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե՛ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, և թե՛ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք քայլեր են կատարել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու և փակված միջազգային տրանսպորտային մայրուղիները վերականգնելու ուղղությամբ։ Այսպես, 2000-անների սկզբին ամերիկյան դիվանագիտության միջնորդությամբ մի հասարակական երկխոսություն սկսվեց, որը ստացավ «հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով» անվանումը։ Մի քանի տարի տևած հայ և թուրք հասարակական ներկայացուցիչների քննարկումները չառաջացրին հասարակությունների մեջ ընդլայնված շարժում կարգավորման գործընթացը աշխուժացնելու նպատակով։ 2005թ․ գարնանը Թուրքիայի՝ այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նամակներ փոխանակեցին, որոնցում ցանկություն էր արտահայտվում վերջապես ձեռնամուխ լինել կարգավորման գործընթացին։ Սակայն այդ ժամանակ մի շարք պատճառներով այդ նախաձեռնությունը նույնպես մնաց անհետևանք։  

2008թ․ սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը նախագահ Աբդուլահ Գյուլին հրավիրեց Հայաստան միասին դիտելու երկու երկրների հավաքականների ֆուտբոլային խաղը։ Այդ խորհրդանշական առիթով սկսված դիվանագիտական գործընթացը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը։ Գործընթացի հովանավորն էր ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը, որի գլխավորությամբ ամերիկյան դիվանագիտությունը որոշ ջանքեր գործադրեց կարգավորման գործընթացին թափ հաղորդելու համար։ 2009թ․ գաղտնի ընթացող բանակցությունների արդյունքում, շվեյցարական արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ նախապատրաստվեցին երկու արձանագրություններ, որոնք ներկայացվեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրման։ Ցյուրիխ քաղաքում Հիլարի Քլինթոնի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշների ներկայությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավիթօղլուն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը վերջապես ստորագրեցին այդ արձանագրությունները։ Շուտով, սակայն, միանգամայն պարզ դարձավ, որ թուրքական հասարակական կարծիքը ադրբեջանական հասարակական կարծիքի ճնշման պայմաններում պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը։ Այդ պատճառով խորհրդարանների վավերացմանը ներկայացրած վերոհիշյալ երկու արձանագրությունները հետ կանչվեցին, և գործընթացը կասեցվեց։ 2011թ․ սկզբից Թուրքիայում, այնուհետև Հայաստանում հռչակվեց ֆուտբոլային դիվանագիտության անարդյունք ավարտը։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան, հասնելով իր քաղաքական նպատակների իրականացմանը հայ-ադրբեջանական հակամարտության գործընթացում վերստին պատրաստակամություն հայտնեց սկսել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններ։ 

Սկզբում թվում էր, թե բանակցությունները առաջ կմղվեն այն կետից, որտեղ դրանք կանգ էին առել 2009-2010թթ․։ Սակայն պարզվեց, որ նոր պայմաններում Թուրքիան առաջ է քաշելու բոլոր այն նախապայմանների փաթեթը, որը նա ուներ պատրաստած Հայաստանի համար։ Համենայն դեպս, հայկական հասարակության մեջ լրատվամիջոցների մատուցմամբ շրջանառվող տեղեկությունները հիմք են տալիս ասելու, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, Կարս-Գյումրի երկաթուղին և հայկական Մարգարայով անցնող ավտոճանապարհը վերագործարկելու համար ունի թե՛ վերը թվարկած երկու նախապայմանները, թե՛ 1920-ական թվականներից մնացած այլ նախապայմաններ։ Ինչպիսին է օրինակ Հայաստանի զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու պահանջը։ Ընդհանուր առմամբ, թվում է, թե այդ գործընթացը ընթանում է առանց մեծ դժվարությունների և ձախողումների։ Թուրքիայի և Ադրբեջանի համար գլխավոր հետաքրքրության առարկան Երևան-Նախիջևան-Ջուլֆա-Մեղրի երկաթուղու և նրան զուգահեռ ձգվող ավտոմայրուղու վերագործարկումն է, որը փակ էր Խորհրդային Միության փլուզման առաջին օրերից Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Հայաստանը մի քանի օր առաջ (արդեն որերորդ անգամը լինելով) վերահաստատել է իր պատրաստակամությունը բացել Հայաստանով անցնող բոլոր ճանապարհները, այդ թվում և վերը թվարկածները։ Երկու տարի առաջ հայկական քաղաքական շրջանակներում քննարկում էին այն տեղեկությունը, թե Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են հաղորդակցվել Հայաստանի միջոցով իրենց համար գործնականում անարգել գործող տրանսպորտային մայրուղիներով, սակայն Հայաստանի համար չբացել Թուրքիային և, մասնավորապես, Ադրբեջանին կապող ճանապարհները։ Սա, իհարկե, բարդացնում էր քաղաքական բանակցությունների մթնոլորտը և հեռացնում էր լիակատար փոխըմբռնման հեռանկարը։ Անցյալ տարի թուրք լրագրողներից մեկը նախագահ Էրդողանին հարցրեց, թե ե՞րբ կկարգավորվեն հարաբերությունները Հայաստանի հետ։ Թուրքիայի նախագահը կարճ պատասխանեց․ «հենց որ ինձ զանգահարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»։ Պետք է հասկանալ, որ վերջին 16-17 տարում Թուրքիայի արտաքին քաղաքական դիսկուրսում էական փոփոխություն չի եղել և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից է, վերջին հաշվով, կախված լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այսպիսով, չընդմիջելով կարգավորման գործընթացը (որովհետև դրա համար առայժմ ծանրակշիռ պատճառներ չկան) թուրքական դիվանագիտությունը սպասում է, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Տեղին է ասել, որ այդ պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքում համաձայնեցնելու համար մնացել են երկու կետեր և բանակցությունները շարունակվում են։ Ճիշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպման մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Ակնհայտ է նաև, որ փոքր թվացող իրադարձությունները, որպիսիք են հանցագործություն կատարելու մեջ կասկածվող երկու անձանց Ինտերպոլի հայտով Թուրքիայի իշխանություններին հանձնելը դառնում են նշանակալից իրադարձություններ և նպաստում են փոխադարձ վստահության շատ դժվարին մթնոլորտի ձևավորմանը։ 

Վերջին երկու տարում սոցիոլոգիական ուսումնասիրություններ Հայաստանի և Թուրքիայի հասարակության վերաբերմունքի մասին, չեն կատարվել։ Սակայն հայտնի է, որ Հայաստանի հասարակական կարծիքը հիմնականում բացասաբար է տրամադրված Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու հարցերին։ Թուրքիայում նույնպես գոյություն ունի բնակչության ճնշող մեծամասնության բացասական տրամադրությունների ֆոն Հայաստանի և հայերի նկատմամբ։ Այսուհանդերձ, առանց չափազանցնելու, կարելի է պնդել, որ միջազգային հանրությունը երկու երկրներից սպասում է հարաբերությունների կարգավորում առաջին հերթին միջազգային ռազմավարական վերոհիշյալ տրանսպորտային առանցքների անխափան և աշխույժ վերականգնման համար։ Այս հանգամանքը շատ լավ է հասկանում օրինակ Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը միջազգային հանրությանը փորձում է ներկայանալ, որպես այդ հեռանկարը հաջողությամբ կենսագործող գլխավոր քաղաքական դեմք։ Թուրքական դիվանագիտությունը (ըստ երևույթին մի ներքին փոխհամաձայնությամբ) Ադրբեջանի նախագահին ու նրա դիվանագիտական համակարգին է զիջել գործընթացի առաջատարի դերակատարությունը։ Թուրքիայի նախագահը վերջերս ասել է նաև, որ իր գնահատմամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել 2025թ․: Սա լավատեսական սցենար է, որը նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունները ևս կարող են առաջընթաց արձանագրել և երկու երկրները կապող ճանապարհները վերջապես կբացվեն։ 

Եվ վերջապես մեկ տնտեսական գործոն։ Նախորդ 32 տարիներին, երբ հայկական ապրանքների ներկրումը Թուրքիա արգելված էր, թուրքական ապրանքները միևնույն է լայնորեն ներթափանցել են Հայաստան։ Վերջին 25 տարվա միջինացված փորձագիտական գնահատումներով թուրքական ծագում ունեցող ապրանքների ծավալը Հայաստանի շուկայում կազմել է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար տարեկան։ Վերջին մի քանի տարիներին, նույնպես փորձագիտական մոտավոր հաշվարկներով այդ գումարը կազմել է մոտ 600 մլն ԱՄՆ դոլար։ Այսպիսով` Թուրքիան Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում բավական բարձր (5-րդ կամ 6-րդ) տեղ ունի, չնայած պաշտոնապես հայ-թուրքական առևտրատնտեսական հարաբերություններ ուղղակի գոյություն չունեն։ Հարկ է նշել նաև, որ հայկական ծագում ունեցող որոշ ապրանքատեսակներ (մետաղի ջարդոն կամ ոսկու սուլֆատ) Թուրքիա մուտք է գործել։ Նախորդ բոլոր տարիներին թուրքական ապրանքները, վերաձևակերպվելով Վրաստանում և Իրանում, այդ կերպ են մտել հայաստանյան շուկաներ։ Կտա՞ արդյոք ուղիղ ճանապարհների գործարկումը սպասված տնտեսական արդյունքը և, կնպաստի՞ արդյոք երկկողմ հարաբերությունների հաստատումը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության արևելյան շրջանների տնտեսական զարգացմանը, հիմա դժվար է ասել։ Հայ հեղինակավոր տնտեսագետ-փորձագետները անհանգստություն են հայտնում, որ թուրքական ապրանքների ուղիղ մուտքը Հայաստան կարող է ոչ մրցունակ դարձնել հայկական ապրանքները և դրանք դուրս մղել շուկայից։ Մյուս փորձագետները, սակայն, կարծում են, որ դա տեղի չի ունենա, որովհետև տարածաշրջանային շուկաները կգան մի իրավիճակի, երբ գները կհամահարթեցվեն։ 

Այս պայմաններում հասկանալի է դառնում, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և տրանսպորտային մայրուղիների վերագործարկման 30 տարուց ավելի ուշացած գործընթացը այսօր, առավել, քան երբևէ մոտ է իրականություն դառնալուն։ Այդ գործընթացը որքան դժվարին է և շատ ու հետևողական ջանքեր պահանջող, նույնքան էլ անխուսափելի է թվում։   

 

Անահիտ Սաֆարյան

Վերլուծաբան

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան