Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

3 րոպեի ընթերցում

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում թանգարանի և հոբելյանական միջոցառումների հանրահռչակման գործին աջակցելու համար վարպետի թանգարանը հունվարի 22-ին շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանն ու այլ գործընկերների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը հիշեցրեց, որ հունվարի 22-ը Քոչարի հիշատակի օրն է, և այդ օրն անպայման տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս։

Անդրադառնալով Քոչարի հոբելյանի առթիվ կազմակերպված կարևորագույն միջոցառումներին՝ Կարինե Քոչարը հպարտությամբ նշեց, որ իրականացրել են այն ամենը, ինչ նախատեսել են։ Իրենց աջակցել են ՀՀ կառավարությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, մի շարք դեսպանատներ, ինչպես նաև մասնավոր կազմակերպություններ։

«2024-ի հունվարին Փարիզում՝ «Պիկասո» թանգարանում բացվեց նշանակալի ցուցադրություն, որում ներառված էր Քոչարի՝ 1937 թվականին ստեղծված տարածանկարը։ Այդ օրը հիմք դրվեց հաջորդ համագործակցության, որը կիրականանա այս տարվա փետրվարի 15-ին. փարիզյան նշանավոր ցուցասրահներից մեկում կբացվի Քոչարի տարածանկարներին նվիրված ցուցադրություն։ Մեր թանգարանի և այդ ցուցասրահի համագործակցության արդունքում ստեղծվել է հետաքրքիր կատալոգ մեր տրամադրած արխիվային նյութերի հիման վրա»,-ընդգծեց Քոչարը։

Նա նշանակալի համարեց նաև Երևանի Պուշկին 62 հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի մուրալ եղանակով նկարազարդումը։ Պատին պատկերվել է Երվանդ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործությունը։ Մուրալի հեղինակն իտալացի ճարտարապետ, նկարիչ, «Սթրիթ-արտ»-ի ներկայացուցիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն է։ Կարինե Քոչարի խոսքով՝ այդ մուրալի շնորհիվ Երևանի հյուրերը կծանոթանան վարպետի արվեստին՝ ոչ միայն նրա քաղաքային քանդակները դիտելով, թանգարան այցելելով, այլև ուղղակի քաղաքում զբոսնելով։ 

Ըստ Քոչարի՝ յուրահատուկ միջոցառում էր նաև 2024-ի հունիսի 22-ին կազմակերպված «Քոչար ֆեստ»-ը։ Փառատոնի անցկացման նպատակով փակվել է Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան փողոցի մի հատվածը։ Փառատոնին անցկացվել է փազլի մրցաշար, ցուցադրվել է արհեստական բանականությամբ նկարիչ ռոբոտ սարքը, իրականացվել է ֆիլմերի, արտ օբյեկտների, Քոչարի գործերի լուսային ցուցադրություն։ Երեկոն եզրափակվել է ջազ համերգով։  

Քոչարի ստեղծագործությունների երկրպագուների համար մեծ տոն է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ծավալուն ցուցադրությունը, որտեղ Քոչար գյուտարարն է ներկայացվել, նորարարը, համաշխարհային մասշտաբով տարածական գեղանկարչության հիմնադիրը։

«Անասելի մեծ էր ուրախությունը, երբ Փարիզի Պոմպիդու կենտրոնը որոշեց հարգանքի տուրք մատուցել Քոչարի հիշատակին, և վարպետի երկու ստեղծագործություն մինչ մարտի տասը ցուցադրվելու են կենտրոնի սրահներից մեկում»,-շեշտեց Կարինե Քոչարը։

Երվանդ Քոչարի թանգարանը շարունակելու է ակտիվ աշխատել և առաջիկայում ևս ներկայանալ հետաքրքիր ցուցադրություններով ու միջոցառոներով։

Հայերեն English Français Русский

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը

ԿԸՀ-ն սահմանել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետները

Վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ

Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք

COP17-ի ընթացքում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման շղթա

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները գիտակցել են, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան. վարչապետի ելույթը Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնմանը