Հայաստանի մի շարք համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Լոռու մարզի Ալավերդի, Օձուն, Ախթալա և Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ:
Դրանք իրականացվում են ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով սահմանված դրամաշնորհի շրջանակում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, դասընթացները Լոռու մարզի համայնքներում իրականացնում է «Արևածին» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը, Տավուշի մարզում՝ «Թելիկ» հասարակական կազմակերպությունը:
«Դասընթացների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ ու հմտություններ՝ ստանալով ստեղծագործական ինքնարտահայտման, ազգային ձեռարվեստի ոճերի ու տարածաշրջանային առանձնահատկությունների պահպանման, ինչպես նաև տնտեսապես կայուն գործունեություն ծավալելու հնարավորություն։ Դասընթացներին մասնակցում են տարբեր տարիքային խմբերի կանայք և աղջիկներ»,- նշված է հաղորդագրության մեջ: