Մշակույթ

ՃՇՀԱՀ-ի ուսանողների ավելի քան 200 աշխատանք գրեթե մեկ շաբաթ զարդարեց Հայաստանի նկարիչների միությունը

6 րոպեի ընթերցում

ՃՇՀԱՀ-ի ուսանողների ավելի քան 200 աշխատանք գրեթե մեկ շաբաթ զարդարեց Հայաստանի նկարիչների միությունը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ուսանողների ավելի քան 2 հարյուր աշխատանք ապրիլի 4-8-ը զարդարեց Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» սրահը։ 

Ստեղծագործություններում վառ և ինքնատիպ դրսևորումներով ներկայացված են մարդը, բնությունը, քաղաքն ու գյուղը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ամբիոնի վարիչ Ռազմիկ Հարությունյանն ասաց՝ ուսանողներն ապագա ճարտարապետներ, դիզայներներ, շինարարներ, գեոդեզիստներ են, որոնք ցուցահանդեսին ներկայացրել են ուսումնական գործընթացում ստեղծված աշխատանքներ, որոնք համալրելու են բուհի ֆոնդերը։ 

«Ամբիոնի ուսանողները, որոնք սովորում են տարբեր բաժիններում, անկախ նեղ մասնագիտացումից՝ անպայման անցնում են գծանկար, գունանկար, քանդակ, որոնք կարևոր են մասնագիտական կրթության համար։ Գծանկարը հիմքն է, գունանկարը գույնի հանդեպ ճաշակ է ձևավորում, գունային հարաբերությունների մասին պատկերացում է ստեղծում, քանդակը հնարավորություն է տալիս զգալ ֆորմաները։ Այդ ամենը լրացուցիչ խթան են մասնագիտական կրթության մեջ հմտանալու համար»,-շեշտեց նա և շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանն իրենց ամբիոնին մշտապես աջակցելու համար։

Ամբիոնը ցուցահանդեսը կազմակերպել է, որպեսզի ուսանողներին հնարավորություն տա լայն հանրությանը ներկայացնել իրենց աշխատանքները, ծանոթանալ այլ ուսանողների գործերին, համեմատել ու սովորել միմյանցից։ Բուհն առաջին անգամ է համագործակցում Հայաստանի նկարիչների միության հետ, բայց հույս ունի, որ նման ցուցադրությունները շարունակական բնույթ կունենան։ 

Հայաստանի նկարիչների միության նախագահի տեղակալ Լևոն Աբրահամյանի խոսքով՝ երիտասարդ ստեղծագործողները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են։ Նա վստահեցրեց՝ ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ ուսանողների, թե՛ արվեստասերների շրջանում։  

«Դասավանդում եմ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում, ուստի ցուցադրված աշխատանքների մի մասին քաջածանոթ եմ, մի մասն էլ նորություն է ինձ համար։ Բավականին բարձր մակարդակ եմ նկատում, և պարզ երեսով կարող ենք ասել, որ ցուցահանդեսը լուրջ հայտ է համաշխարհային համալսարանների հետ մրցելու համար։ Մեր ուսանողները կարող են հանգիստ մուտք գործել տարբեր մասնագիտական հաստատություններ ու չվախենալ մրցակցությունից»,-ընդգծեց Աբրահամյանը։ 

Բուհի ուսանողուհի Մարիամ Վարդանյանը չորս  աշխատանք է ցուցադրել՝ երկու գծանկար, մեկ գունանկար, մեկ քանդակ։  

«Ճարտարապետն աշխատում է տարածության, ծավալի հետ, և մտքի թռիչքի համար պետք է ձեռքդ ազատ լինի, իսկ այդ ազատությունը տալիս է ակադեմիական նկարչությունը։ Մեր քաղաքի հզոր ճարտարապետական կառույցները ստեղծել են մարդիկ, որոնք փայլուն տիրապետել են ակադեմիական նկարչությանը։ Քանդակներ ստեղծելիս՝ դասապրոցեսի ընթացքում կրկնօրինակում ենք ականավոր քանդակագործների աշխատանքներն ու ակամայից նրանց փորձն ենք յուրացնում»,-ասաց Մարիամը։ 

Նա գույնի հետ աշխատել ևս սիրում է, քանի որ դա զարգացնում է ինտուիտիվ զգացողությունը, որն անհրաժեշտ է ճարտարապետին, որը ոչ միայն միջավայր է ստեղծում, որը ֆունկցիոնալ առումով պետք է հարմարավետ լինի, այլև գեղարվեստականությունն է ապահովում։ Գունանկարն այդ գեղարվեստականության  վառ դրսևորումն է։ 

Ուսանողուհի Օվսաննա Խաչատրյանն էլ վերարտադրել է հայտնի քանդակներից մեկը։ Քանդակով զբաղվելու քիչ փորձ ունի և ուրախ է, որ համալսարանում կարող է  աշխատել այդ ժանրում։ Վստահ է, որ հետագայում իրեն պետք կգան ձեռք բերած գիտելիքները։ Ստեղծագործական ազատությունն է կարևորում ու պատմում՝ մի առիթով առաջադրանք են ստացել ճարտարապետությունը համադրել քանդակի հետ, ինչի շնորհիվ դրսևորվել է ստեղծագործական ազատությունը։ «Մեր  ճարտարապետական նախագծերը թղթի վրա ենք անում, բայց այդ քանդակով ասես կենդանացնես ստեղծագործությանդ մի մասը, ինչը ոգևորում է»,-ասաց նա։

Օվսաննային գրավել է միությունում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցելը, քանի որ հոգատարություն է նկատել ամեն նկարի ու աշխատանքի հանդեպ։ «Հաճելի է, երբ աշխատանքդ գնահատում են դասախոսներդ։ Ցուցահանդեսից դուրս գալուց հետո այնքան վառ էր ամեն բան, որ ուզում էի ճեպանկարներ անել»,-խոստովանեց ուսանողուհին։

Ապագա ճարտարապետ Դավիթ Հակոբյանը գծանկարով կրկնօրինակել է Փարիզի Աստվածամոր տաճարը։ Նրա խոսքով՝ իրենց ամբիոնն ուսանողների առաջ լայն հնարավորություններ է բացում, քանի որ գծանկարչությանը, քանդակին, գունանկարին են սկսում տիրապետել և առավել զարգացնել իրենց հմտությունները։

«Երբ ստեղծում էի գծանկարը, առիթ ունեցա ավելի շատ ուսումնասիրել մանրուքներն ու պատկերացնել կառույցի հզորությունը, հասկանալ ծավալը։ Երբ պատկերացնում ես ծավալը, կարող ես նախագծել ինքնատիպ շենքեր, որոնք կգեղեցկացնեն մեր քաղաքը»,-շեշտեց Դավիթը։

Նա կարծում է՝ Երևանը ծանրաբեռնված քաղաք է, ուստի ինքը շատ կցանկանա հետագայում գեղեցիկ ու արժեքավոր կառույցներ նախագծել և իր գաղափարներն իրագործել Հայաստանի մարզերում։

Բուհի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնը չի բավարարվի երևանյան մեկ ցուցահանդեսով։ Նախատեսում են ցուցահանդեսը ներկայացնել տարբեր հարթակներում, ինչպես նաև ՀՀ մարզերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում