Մշակույթ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղությունները

5 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղությունները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մշակութային ժառանգության և հուշարձանների ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկումը:

Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Կվերականգնվեն մի շարք որմնանկարներ և խճանկարներ

Պատմության և  մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ներկայացրել է 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծով հուշարձանների ոլորտում նախատեսվող աշխատանքները: Նրա տեղեկացմամբ՝ ավելի քան 600 վթարային վիճակում գտնվող հուշարձաններ կան, որոնցից որոշների վերականգնման աշխատանքներն ընդգրկված են միջնաժամկետ ծախսային ծրագրում: 

Ըստ բանախոսի՝ վերջին տարիների առաջնահերթություններից է նաև մոնումենտալ արվեստի հուշարձանների, այդ թվում՝ որմնանկարների և խճանկարների վերականգնումը․ այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությանը կից ստեղծվել է մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով զբաղվող մասնագիտական խորհուրդ, որը քննարկում է համապատասխան գիտանախագծային փաստաթղթերը:

«Վերջին 2-3 տարիներին պետական միջոցներով վերականգնվել են տարբեր հուշարձանների որմնանկարներ և խճանկարներ: Հաջորդ տարի նախատեսվում է վերականգնել Արտաշատ մայրաքաղաքի խճանկարն ու որմնանկարը: Վերականգնվել է Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարը,  Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնից Գյումրու համայնքապետարանի շենք է տեղափոխվել ու վերականգնվել Հակոբ Հակոբյանի  «Սարերում» որմնանկարը: Այս տարի ընթանում են Շատիվանքի որմնանկարի վերականգնման աշխատանքները. մրցութային կարգով հաղթող ճանաչված կազմակերպությունն արդեն մշակում է որմնանկարի ամրակայման և վերականգնման էսքիզային նախագիծը։ Մասնագիտական խորհրդի քննարկումից և դրական եզրակացությունից հետո կհայտարարվի վերականգնման աշխատանքների մրցույթը»,- ներկայացրել է Լուսինե Իգիթյանը:  

Մշակութային ժառանգություն. կշարունակվեն կառավարման բարեփոխումները

Թանգարանների, գրադարանների, ոչ նյութական մշակութային ժառանգության, մշակութային արժեքների փորձաքննության, արտահանման և ներմուծման գործընթացների կանոնակարգման նպատակով պլանավորված աշխատանքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Նրա տեղեկացմամբ` նշված ոլորտներում կառավարման բարեփոխումները շարունակվելու են նաև առաջիկա տարիներին: Ներկայացնելով արդեն կատարված աշխատանքները` վարչության պետը նշել է, որ գործարկվել է թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգը, հիմնադրվել է Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը զբաղվելու է թանգարանների մարքեթինգային քաղաքականությամբ և կառավարման որոշ գործառույթներով: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությունը կընդլայնվի` ընդգրկելով նաև այլ ոլորտներ:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին հատկացված բյուջետային միջոցները բաշխվում են երկու մեխանիզմով` մրցութային դրամաշնորհներ և ուղղակի հատկացումներ` նախատեսված միջազգային որոշ նախագծերի  համար:

Պետական դրամաշնորհ է հատկացվում նաև Արհեստների փառատոնի կազմակերպման նպատակով, որն այս տարի կանցկացվի չորրորդ անգամ: Կշարունակվի նաև դպրոցականների բաժանորդային ծրագիրը, ըստ որի՝ յուրաքանչյուր դպրոցական տարվա մեջ մեկ անգամ անվճար կարող է այցելել որևէ թանգարան, թատրոն կամ համերգային կազմակերպություն: 

Մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը ևս մրցութային կարգով են ընտրվում: 

«Ներկայացված հայտերն ուսումնասիրվում են՝ ըստ նախարարության պետական քաղաքականության առաջնահերթությունների, և ըստ այդմ՝ կատարվում է համապատասխան ծրագրի ընտրություն: Առաջնային համարվող թիրախային ուղղությունները սահմանվում են մրցութային պահանջներում»,- ասել է Աստղիկ Մարաբյանը` նշելով, որ դրամաշնորհային ծրագրերի ընտրության համար ստեղծվում են հանձնաժողովներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում