Հայաստանը շահագրգռված է շարունակել արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների և տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում ընթացող բանակցությունների ընթացքում՝ միևնույն ժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանը հաշվի կառնի տեղի ունեցող իրադարձությունների բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։
Արարատ Միրզոյանը Մոսկվա կատարած այցը բավականին տեղին է համարել երկու երկրների հարաբերությունների զարգացման դինամիկայի առումով:
Հայաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ վերջին անգամ նման ձևաչափով կողմերը հանդիպել են 2023 թվականի հուլիսին:
ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Մոսկվա կատարած այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցեր քննարկելու համար:
«Ցանկանում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը»,- նշել է Միրզոյանը։
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին։
«Եվ մենք հուսով ենք, որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր բաղադրիչները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք սրտի, տեսանք վերջերս՝ վերջին օրերին: Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»,- ասել է ԱԳ նախարարը։