Եվրոպա

Մեծ Բրիտանիան կուսումնասիրի Ուկրաինայում ռազմակայանների տեղակայման հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան կուսումնասիրի Ուկրաինայում ռազմակայանների տեղակայման հնարավորությունը

Մեծ Բրիտանիան կքննարկի Ուկրաինայում ռազմակայանների և պաշտպանական ենթակառուցվածքների տեղակայման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Միացյալ Թագավորության և Ուկրաինայի միջև 100-ամյա գործընկերության մասին հռչակագրում, որը հրապարակել է Բրիտանիայի կառավարության գրասենյակը՝ ամփոփելով վարչապետ Քիր Սթարմերի՝ Կիև կատարած այցի արդյունքները։

Ըստ փաստաթղթի՝ Մեծ Բրիտանիան կաշխատի Ուկրաինայի հետ՝ որոշելու ընդհանուր ռազմական կարիքները, կհամագործակցի՝ ընդլայնելու հնարավորությունների և տեխնոլոգիաների սպեկտրը, որոնք երկրները կարող են միասին արտադրել: 

«Մասնակիցները կուսումնասիրեն Ուկրաինայում պաշտպանական ենթակառուցվածքների, այդ թվում՝ ռազմակայանների, նյութատեխնիկական պահեստների, ռազմական պահուստային տեխնիկայի պահեստների տեղակայման և պահպանման տարբերակները: Այդ օբյեկտները կարող են օգտագործվել էական ռազմական սպառնալիքի դեպքում սեփական պաշտպանական հնարավորությունների ամրապնդման համար», - ասված է փաստաթղթում։

Ըստ փաստաթղթի՝ կողմերը մտադիր են «համագործակցել արագ հակազդման ճկուն մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ներառյալ ռազմական կազմավորումների և այլ մասնագիտացված կառույցների ստեղծումը, պահպանումը և համատեղ օգտագործումը՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում լայն շրջանակի փոխադարձ ծառայությունների մատուցման համար»:

Միաժամանակ հռչակագրում ասված է, որ Լոնդոնը և Կիևը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը մեծ հեռահարության հարվածներ հասցնելու բնագավառում։

«Մենք նաև կխորացնենք համագործակցությունը մեծ հեռահարության հարվածների հնարավորությունների, ինտեգրված հակաօդային և հակահրթիռային պաշտպանության և զսպման ամրապնդման համար համալիր զենքի պահեստների ոլորտում», - նշվում է փաստաթղթում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում