ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հայացքները թեև վաղուց արդեն հայտնի են Իրանին, այնուամենայնիվ, Իրանի նախագահի վերջին ուղերձները կարող են երկկողմ հարաբերությունները կարգավորելու, ինչպես նաև՝ մեր տարածաշրջանում փոխադարձ շահերը որոշակի սահմաններում հարգելու հնարավորություն ընձեռել և հանգեցնել տարածաշրջանում հնարավոր բախումներից խուսափելու նոր իրավիճակի ձևավորման։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանն՝ անդրադառնալով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարություններին և ուղերձներին, որոնք առնչվում են ԻՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին։
«Նախ՝ Միացյալ Նահանգների նոր արտաքին քաղաքական դիրքորոշումները խիստ կարևոր են, որոնք առնչվում են ոչ միայն մեր տարածաշրջանին։ Բացառված չէ, որ նոր դիրքորոշումներով պայմանավորված՝ ԱՄՆ-ն կփոխի մերձավորարևելյան տարածաշրջանում իր քաղաքական կուրսը։ Մյուս գործոնը կապված է իրանական կողմի առկա պատրաստակամության հետ՝ տարբեր ուղղություններով չգնալ առճակատման։ Դա նախ և առաջ վերաբերում է միջուկային կնճռոտ խնդրին, որն առկա է տասնյակ տարիներ, և հակառակորդ կողմը որևէ լուրջ ապացույց չունի, որ Իրանը մտադիր է ստեղծել միջուկային զենք։ Թեհրանը պատրաստ է միջուկային նախաձեռնությունների զարգացումը շարունակել ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո կամ վերադառնալ արևմտյան երկրների հետ նախկինում ձեռք բերված Միջուկային համաձայնագրի շրջանակին, բայց՝ ԱՄՆ-ի ներկայությամբ, ինչը չափազանց կարևոր է Իրանի համար»,- ասաց Դավթյանը։
Իրանագետի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ի՝ Միջուկային ծրագրից դուրս գալուց հետո բանակցությունները մտան փակուղի, ու չնայած եվրոպական երկրների հետ բանակցությունները որոշ ժամանակ դեռ շարունակվեցին, բայցևայնպես, կողմերը հասկանում են, որ, առանց Միացյհալ Նահանգների, խնդրին վերջնական լուծում տալու հնարավորություն չկա։
Հիշեցնելով, որ ԱՄՆ-ն բանակցությունների ձևաչափից դուրս եկավ հենց Թրամփի նախորդ պաշտոնավարման ժամանակ, Դավթյանն ընդգծեց, որ ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե այժմ ինչ առաջնահերթություններ ունի պաշտոնական Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականության մեջ։
«Կան ավելի բարդ խնդիրներ՝ կապված Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաև՝ Կանադային, Մեքսիկային, Գրենլանդիային առնչվող խնդիրների հետ, որոնք կարող են որոշակի ազդեցություն ունենալ նաև մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վրա։ Նույնը կարելի է ասել Իսրայելի դիրքորոշման մասին, քանի որ հրադադարի մասին ձեռքբերումները պետք են վերջինիս՝ պահպանելու իր անվտանգությունը։ Դրանով էր պայմանավորված «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների փաստը։ Իսրայելի դիրքորոշումը նույնպես կարող է որոշակի ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա Իրանի հետ հարաբերություններում»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Դավթյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանում Իրանի արտաքին քաղաքականությունը շարունակում է ընդլայնվել տնտեսական համագործակցության համատեքստում։ Դա վերաբերում է Իրանի հարևան բոլոր երկրներին՝ Աֆղանստանին, Պակիստանին, Ծոցի երկրներին, Իրաքին, Սիրիային, հարավկովկասյան երկրներին, ինչպես նաև պատմամշակութային և կրթական նույն արեալի մաս հանդիսացող Տաջիկստանին, առավել ևս, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս օրերին այցելեց նաև Դուշանբե:
«Օրինակ՝ Աֆղանստանի հետ կապերն Իրանի համար շատ կարևոր են, քանի որ այդտեղից կա ցամաքային ճանապարհով դեպի Չինաստան դուրս գալու գոտի, սակայն կան կնճռոտ խնդիրներ՝ կապված ջրային ռեսուրսների վերահսկման ու կառավարման հետ։ Պակիստանի ու Աֆղանստանի միջև տարածքային ու կրոնական հակասություններն ու հակամարտությունները կարող են Իրանի արևելյան շրջաններում հանգեցնել անվտանգության որոշակի ռիսկերի առաջացման։ Արևմտյան ուղղությամբ չափազանց կարևոր են Իրաքի հետ հարաբերություններն ու նաև այն, թե որքանով կկարողանա Թեհրանն իր դիրքերն ամրապնդել այդ հարևան երկրում»,- ասաց Դավթյանը։
Նա հիշեցրեց, որ վերջերս Իրաքի կառավարությունից պահանջվել էր պրոիրանական «Հաշտ Ալ-Շաբ» զորամիավորումը լուծարել, սակայն կառավարությունը մերժել էր, ինչը բավականին կարևոր որոշում էր Իրանի համար, առավել ևս, որ «Հեզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ-ի ու Գազայի հետ կապված որոշակի պասիվություն էր նկատվում Իրանի գործողություններում։
«Անվտանգության մարտահրավերներն ընդհուպ մոտեցել են Իրանի սահմանին։ Սիրիային վերաբերող խնդրի առթիվ արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել հարևան երկրի նոր կառավարության հետ, եթե իրանական դեսպանատան անվտանգ գործունեության համար ապահովվեն համապատասխան պայմաններ ու երաշխիքներ»,- նշեց Դավթյանը։
Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանին՝ իրանագետն ընդգծեց, որ նախագահ Փեզեշքիանի հայտարարություններում կային հստակ ուղերձներ՝ ուղղված տեղի երկրներին։ Ավելի վաղ Իրանի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տարածաշրջանային այցի նպատակն այն էր, որ Իրանը հարավկովկասյան ուղղությամբ պատրաստ է անմիջական դերակատարում ունենալ խաղաղության, անվտանգության և կայունության հաստատման գործում և տնտեսական ու էներգետիկ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցությամբ նպաստել մեր տարածաշրջանի անվտանգության պահպանմանը։
Խոսելով ռուս-իրանական ռազմավարական համաձայնագրի ստորագրման մասին, ինչի առթիվ Իրանի նախագահն այցելեց Մոսկվա, մեր զրուցակիցը շեշտեց, որ համաձայնագրի հիմնական դրույթները վերաբերում են տնտեսական ենթակառուցվածքների, էներգետիկայի, գիտատեխնիկական մշակումների, բանկային և այլ ոլորտներին, ու թեև կա նաև ռազմական բաղադրիչը, սակայն պետք է հաշվի առնել, որ երկու երկրների միջև նախկինում էլ կնքվել են շատ համաձայնագրեր ու պայմանագրեր, որոնք առնչվել են առանձին բնագավառներին, և կողմերն աշխատել են տարբեր ուղղություններով։
«Այդուհանդերձ, նոր ռազմավարական համաձայնագիրը իրավական առումով կարող է նոր մակարդակի բարձրացնել համագործակցության հեռանկարները։ Քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից՝ մեր տարածաշրջանում առկա զարգացումները կարող են թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն ունենալ։ Տվյալ փաստաթուղթը պետք է ստորագրվեր դեռ իրանական նախորդ կառավարության կողմից, սակայն ողբերգական հայտնի ավիավթարն ու նոր ընտրությունները հետաձգեցին ստորագրումը։ Փաստաթուղթն անցել է քննարկումների և մշակումների երկար փուլ, իսկ թե այն ինչպիսի ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի, կոնկրետ՝ Հայաստանի վրա, կախված կլինի հայկական կողմի հետագա քայլերից»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Իրանագետի կարծիքով՝ ակնհայտ է, որ Իրանի և ՌԴ-ի միջև ռազմավարական համագործակցությունը որոշակիորեն կարող է պայմանավորել մեր տարածաշրջանում երկու տերությունների մոտեցումներն ու դիրքորոշումները, ու թեև նրանք ունեն նաև տարաձայնություններ տարբեր թեմաների վերաբերյալ, այնուամենայնիվ, համագործակցության լայն շրջանակը կարող է ենթադրել որոշակի փոխզիջումային մոդելներ Հարավային Կովկասում, որոնք բխում են երկուստեք շահերից։
«Ընդհանուր շահերի համատեքստում երկու տերությունները նախ և առաջ դեմ են Հարավային Կովկասում արտատարածքային ուժերի ներգրավմանը, ուստի, մեր արտաքին քաղաքական կողնորոշումը պետք է որոշակիորեն հաշվի առնի այս հանգամանքը։ Մյուսն առնչվում է ենթակառուցվածքներին ու հաղորդակցության ուղղիներին։ Որքան էլ Ադրբեջանով անցնող ճանապարհն աշխարհագրորեն լինի մատչելի, այդուհանդերձ, Իրանի համար զուտ անվտանգային առումով գերադասելի է Հյուսիս-Հարավ ճանապարհը, որն անցնում է Հայաստանի տարածքով: Հետևաբար, մեր ջանքերն այդ ուղղությամբ պետք է լինեն ավելի ակտիվ, որպեսզի կարողանանք մեր դերակատարությունը չնվազեցնել վերոհիշյալ մեծ նախագծի մեջ։ Իրանը չափազանց կարևորում է կապերը ԵԱՏՄ-ի հետ, իսկ Հայաստանը, որպես կառույցի անդամ, Իրանի անմիջական հարևանն է, ինչը նույնպես չափազանց կարևոր հանգամանք է։ Սա առավելություն է, որը չպետք է կորցնել»,- եզրափակեց իրանագետը։