Ֆրանսիացի լուսանկարիչ, կինոռեժիսոր և ճանապարհորդ Նիկոլա Պեռնոյի «Հայաստան. Ժառանգության հող» ֆիլմն այս օրերին «Exploaration du Monde»-ի հետ համագործակցությամբ ցուցադրվում է Բելգիայի խոշոր քաղաքների մշակութային կենտրոններում։
Նիկոլա Պեռնոն ընտրել է յուրահատուկ մոտեցում՝ կիսելու իր բացահայտումները Հայաստանի վերաբերյալ։ Իր ֆիլմի ցուցադրության ժամանակ նա ներկա է հանդիսատեսի առջև և ուղղակի պատմում է պատմությունը՝ կենդանի ձայնային մեկնաբանությամբ։ Այս ձևաչափը, որը համադրում է կենդանի ներկայացումը, կոնֆերանսը և կինոն, հանդիսատեսին թույլ է տալիս ներթափանցել ավելի խորը և անմիջական մթնոլորտ։ «Սա ոչ միայն աշխարհագրական կամ ժառանգության վերաբերյալ ֆիլմ է, այլ ավելի շատ հայի ոգու հետքերով գնալ է», – ասել է Նիկոլա Պեռնոն Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։
Նիկոլա Պեռնոն, ով երկար տարիներ ապրել է նախկին Խորհրդային միության երկրներում՝ Ռուսաստանում, Տաջիկստանում, Վրաստանում, Հայաստանի նկատմամբ հատուկ սեր է ցուցաբերում։ Նախագիծը չի սահմանափակվում հայտնի կերպարներով կամ թեմաներով, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը և Հայոց ցեղասպանության թեման։ «Ֆիլմի մոտեցումը տարբերվում է՝ ընդգրկելով մարդկային հանդիպումներ, զրույցներ, ժպիտներ և ճամփորդության պատահական պահեր՝ միաժամանակ ուսումնասիրելով երկրի հարուստ մշակույթը և պատմությունը», - ասում է Պեռնոն։
Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ ֆիլմը հիանալի կերպով ներկայացնում է ինչպես Հայաստանի պատմությունը, հայկական մշակույթն ու հային, այնպես էլ Հայաստանի ներկայիս ձեռքբերումներն ու մարտահրավերները։ «Բայց առաջին հերթին սա ֆիլմ է Հայաստանի մարդկանց մասին։ Ֆիլմը շատ պատկերավոր կերպով ներկայացնում է մարդկանց կենցաղը, ցանկություններն ու երազանքները», - «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դեսպան Բալայանը։
Ֆիլմի կենտրոնում պատմություններ են, որոնք խորապես հուզում են։ Դրանցից մեկը մի սնդուկի պատմությունն է։ Սնդուկ, որը տեսնելուն պես Նիկոլա Պեռնոն ասել է, որ ինքն էլ նույնից իր Թբիլիսիի տանն ունի։ Պատասխանը եղել է կարճ, բայց դիպուկ. «Սա իմ նախահայրերի իրերի սնդուկն է, որոնք մազապուրծ են եղել Ցեղասպանությունից», - պատասխանել է ֆիլմի հերոսներից մեկը եւ երիտասարդ սփյուռքահայերի ներկայությամբ բացել ու ցույց տվել այդ իրերը։
Ֆիլմն անդրադառնում է մի շարք թեմաների՝ խոհանոց, հայկական գինու ավանդույթներ, հյուրընկալություն, Հայաստանի դերը Մետաքսի ճանապարհում և այլն։ Նիկոլա Պեռնոյի համար Հայաստանը միայն հիասքանչ տեսարանների երկիր չէ։ «Կա մի ձայն, որն ուղղված է համայն աշխարհին՝ հիշեցնելով Հայաստանի պատմական դերը և ներկայիս մարտահրավերները։ Հայերն այսօր իրենց անբարենպաստ պայմաններում են զգում՝ շրջապատված սպառնալիքներով։ Նրանք կոչ են անում աշխարհին չմոռանալ իրենց», – ընդգծում է ռեժիսորը։
Սակայն նրա ֆիլմը չի սահմանափակվում միայն այս ուղերձով։ Այն նախատեսված է բոլորի համար՝ սկսնակներից մինչև փորձագետներ՝ առաջարկելով ընդհանուր և խորքային ուսումնասիրություն Հայաստանի մասին։
2021 թվականին Նիկոլան Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ տեղեկանում է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի մահվան մասին։ Այս զգացմունքային պահը նրան կապում է 13-ամյա հայ դուդուկահարի հետ, ով սիրով տրամադրում է իր երաժշտությունը ֆիլմի համար։ Դուդուկի մեղեդիները ուղեկցում են ֆիլմը՝ ստեղծելով հուզական խորություն․ երաժշտական գործիք, որի հանդեպ Նիկոլան մեծ սեր է ունեցել դեռ երիտասարդ տարիներից։
Հայաստան կատարած տասնյակ այցելություններից հետո, որոնցից վերջինը եղել է 2024 թվականին, Նիկոլան շարունակում է խորը կապեր հաստատել Հայաստանի և հայերի հետ։ Նրա ֆիլմը, ինչպես ինքն է ասում, հարգանքի տուրք է՝ ուղղված հայկական մշակույթին և պատմությանը։
Ֆիլմի հաջորդ կանգառը Շվեյցարիան է լինելու։ Ֆիլմի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ, լուսանկարներ առկա են լուսանկարչի պաշտոնական կայքում։