Հայաստան

Սահմանամերձ գյուղական որոշ բնակավայրերում պետական աջակցության ծրագրով բնակֆոնդն ավելացել է մոտ 50 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Սահմանամերձ գյուղական որոշ բնակավայրերում պետական աջակցության ծրագրով բնակֆոնդն ավելացել է մոտ 50 տոկոսով

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության  ծրագրով  ներկայում կառուցապատման տարբեր փուլերում են գտնվում շուրջ 2000 անհատական բնակելի տներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 15-ի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անցած տարվա ամենահաջողված ու պահանջված ծրագրերից համարելով սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման աջակցության ծրագիրը։

«Տարեվերջին ծրագիրը կրկին վերաբացեցինք։ Խոսքը, մասնավորապես, Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար համայնքների մասին է, որտեղ աջակցության ծրագիրը 16 միլիոն դրամից դարձրեցինք 21 միլիոն դրամ։ Առանձին քվոտա սահմանվեց նաև Վայոց Ձորի Գոմք բնակավայրի համար»,-ասաց Մկրտչյանը։

Նա նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ծրագիրն առավել թիրախային դարձնել։ Այդ շրջանակում կգնահատվեն համայնքների կարիքները ժողովրդագրության և պետական մյուս ծրագրերի համատեքստում։

«Սա անցած տարվա, ըստ էության, ամենահաջողված ծրագրերից էր, և մենք առիթ ենք ունենալու առաջիկայում անդրադառնալու այս ծրագրին»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ կան համայնքներ, որտեղ ծրագրի շնորհիվ բնակֆոնդն ավելացել է մոտ 50 տոկոսով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում