Քաղաքականություն

ՌԴ փոխվարչապետը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի որոշումը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ է համարում

3 րոպեի ընթերցում

ՌԴ փոխվարչապետը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի որոշումը ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ է համարում

Մոսկվան Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու նախագծին Հայաստանի կառավարության կողմից հավանություն տալը համարում է Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու սկիզբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը։

«Նրանք (խմբ․ Հայաստանը) ասում են, որ չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, բայց ինչո՞վ է առանձնահատուկ այն իրավիճակը, որն այժմ կա։ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձենալու մասին խոսակցությունները երկար էին քննարկվում, սակայն 2025 թվականի հունվարի 9-ին Հայաստանի կառավարությունն, աջակցելով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին, ձեռնարկեց իրավաբանորեն նշանակալի քայլ. սա է այս իրավիճակի առանձնահատկությունը։ Սա Հայաստանի կառավարության որոշումն էր, և մենք դա համարում ենք ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու սկիզբ»,-նշել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկի դիտակմամբ՝ պետք է սպասել և հասկանալ, թե Հայաստանն ինչ հետագա քայլեր է ձեռնարկելու։ 

«Հաջորդ քայլերը Հայաստանի իշխանությանն են։ Կամ նրանք պնդում են, որ ՀՀ կառավարության օրակարգում նման հարց չկա, չեն ցանկանում կամ չեն նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից, կամ կգնահատեն, թե որտեղ է նրանց համար ավելի լավ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ​​ասել է Օվերչուկը։ 

ՌԴ փոխվարչապետը նաև նշել է, որ, ցավալիորեն, նախորդ տարվա ընթացքում ակնհայտ է եղել, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումներն իրենց ազդեցությունն են ունեցել հայ-ռուսական առևտրային հարաբերությունների վրա։

«Ցավոք, արդեն անցյալ տարի մենք սկսեցինք տեսնել, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ քննարկումների ազդեցության տակ ռուսական բիզնեսն ավելի զգուշավոր դարձավ Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա պահպանման և զարգացման հարցում․ տեսանք, որ մի շարք ուղղություններով գործարար ակտիվությունը սկսեց նվազել»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։ 

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական դիրքորոշում է հայտնել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում