Հայաստան

Գողացված ավտոմեքենայի սեփականատերը կազատվի գույքահարկի վճարումից

2 րոպեի ընթերցում

Գողացված ավտոմեքենայի սեփականատերը կազատվի գույքահարկի վճարումից

Փոխադրամիջոցների գույքահարկից կազատվեն հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը: 

«Փոխադրամիջոցների գույքահարկից ազատվում են նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը»,-ասաց Մկրտչյանը:  

Նշված հիմքով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկումը դադարում է և պետական գրանցումը կասեցվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Ընդ որում, նշված ժամկետը լրանալուց հետո այն կարող է երկարացվել նույն ժամկետով, եթե ստացվում են տվյալներ, որ փոխադրամիջոցը շարունակում է գտնվել սեփականատիրոջ տիրապետումից դուրս: 

Առաջարկվում է քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասի շարքում ներառել նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի գույքահարկի արժեքը: «Ըստ էության, սրանով մենք այս պարտականությունը դնում ենք հանցանք կատարած անձի վրա, որ ի վերջո այդ գույքահարկն ինչ-որ տեղից վճարվի»,-ասաց նա:

Այսպիսով՝ եթե մեքենան հափշտակված, առևանգված, գողացված է, այդ ընթացքում սեփականատերն ազատվում է գույքահարկի վճարումից: 

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կարծիքով՝ առաջարկը հակասում է գույքահարկի էությանը և բովանդակությանը: Ըստ նրանց՝ գրանցման փաստն արդեն իսկ հիմք է գույքահարկը գանձելու համար: 

Այնուամենայնիվ, նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում