Ջրծաղիկի պատվաստանյութը մինչև ընդունվելը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու․ Անահիտ Ավանեսյան
1 րոպեի ընթերցում
![Ջրծաղիկի պատվաստանյութը մինչև ընդունվելը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու․ Անահիտ Ավանեսյան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/01/14/vfkV0pdIWLfO7VJl10c9zQkgVgW4b4PRUX7uNaDq.webp)
Ջրծաղիկի պատվաստանյութի խմբաքանակը հանձնվել է Հայաստանին, սակայն այն դեռ ընդունված չէ. պատվաստանյութը մանրակրկիտ ուսումնասիրության է ենթարկվելու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք շատ ուշադիր ենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենք ենթարկում պատվաստանյութերը։ Երբ կավարտվի հանձնման-ընդունման ամբողջական փաթեթի ուսումնասիրությունը, արդեն որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք այդ խմբաքանակը, թե՞ չենք ընդունում:
Վստահ եմ, որ փետրվարից մենք արդեն կսկսենք պատվաստանյութերի ներդրման աշխատանքներն ամբողջ հանրապետությունով: Այսինքն՝ մենք ներդնում ենք Հայաստանում ևս մի պատվաստանյութ»,- մանրամասնեց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ 2025 թվականի խմբաքանակի գնման գործընթացը ևս իրականացված է: Ըստ նրա՝ սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ ջրծաղիկը սեզոնին բավականին խնդիրներ է առաջացնում երեխաների շրջանում: