ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում իշխող կոալիցիայի տասը պատգամավոր վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել չհամաձայնել Գազայի հատվածում բնակեցման վերաբերյալ պաղեստինյան շարժման հետ առաջարկվող գործարքին և պատանդների ազատ արձակմանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, համապատասխան նամակը հրապարակել է «Կան» պետական հեռուստառադիոընկերությունը։
Պատգամավորները, որոնց թվում են նաև իշխող «Լիկուդ» կուսակցության անդամներ, կողմ են արտահայտվել Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին Ռաֆահ անցակետում, ինչպես նաև պաղեստինյան անկլավը հյուսիսային և հարավային մասերի բաժանող Նեցարիմ միջանցքում իսրայելական զորքերի ներկայության պահպանմանը։
Պատգամավորների կարծիքով՝ անհրաժեշտ է հասնել բոլոր պատանդների միաժամանակյա ազատմանը առանց բացառության, այլ ոչ փուլային՝ մասնակի գործարքի շրջանակում։
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իսրայելը ջանքեր է գործադրում «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ հրադադարի համաձայնագիր կնքելու և պատանդներին ազատ արձակելու համար: «Բանակցություններում որոշակի առաջընթաց է դիտվում», - ասել էր նախարարը։
Նա հավելել էր, որ Իսրայելը քրտնաջան աշխատում է պատանդների փոխանակման շուրջ համաձայնագիր կնքելու վրա, և շուտով հայտնի կդառնա՝ արդյոք մյուս կողմը նույնն է ցանկանում։