Աշխարհ

Պիստորիուսը չափազանցություն է համարել Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը

2 րոպեի ընթերցում

Պիստորիուսը չափազանցություն է համարել Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը դեմ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պաշտպանական ծախսերը երկրի ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու առաջարկին՝ նշելով, որ դա չափազանց բարձր շեմ է Գերմանիայի համար։ 

«Մեր ՀՆԱ-ի 5%-ը կհամապատասխանի դաշնային բյուջեի 42%-ին. դա գրեթե յուրաքանչյուր երկրորդ եվրոն է, որը ծախսում է Գերմանիայի կառավարությունը։ Մենք նման բան չենք կարող մեզ թույլ տալ և չենք կարող այդքան գումար ծախսել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Պիստորիուսը՝ հավելելով, որ ավելի կարևոր է ՆԱՏՕ-ի կարողությունների զարգացման նպատակներին հասնել համաձայնեցված ժամկետներում:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Գերմանիան պետք է իր ներդրումը կատարի իր մասշտաբին համարժեք։ «Եվ դա այն է, ինչ մենք պետք է անենք առաջիկա տասը տարիների ընթացքում։ Մի բան պարզ է. ապագայում Գերմանիան պետք է ավելի շատ ծախսի պաշտպանության վրա, նույնիսկ ավելին, քան ՀՆԱ-ի 2%-ը, որն այս պահին հատկացնում է գործող կառավարությունը»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը:

Պիստորիուսի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող միակողմանիորեն, առանց քննարկման ընդունել Թրամփի առաջարկը: «Բայց այստեղ ավելի շատ գումարներ ներդնելու պահանջը նույնպես անհերքելի է»,- եզրափակել է նախարարը։

Հունվարի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի չափով մեծացնելու մտադրությունը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում