Վենեսուելայի կառավարությունն ազատ է արձակել վերջին ամիսներին երկրում կալանավորված վեց ամերիկացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հատուկ հայտնում է Associated Press գործակալությունը:
Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ռիչարդ Գրենելի Վենեսուելա այցելելուց անմիջապես հետո: Նա քննարկել է ԱՄՆ-ում անօրինական գտնվող վենեսուելացիներին հայրենիք արտաքսելուն ուղղված նախագահ Թրամփի ջանքերը (Վենեսուելան ներկայումս չի ընդունում նրանց) և հարավամերիկյան այդ երկրում կալանավորված ամերիկացիներին ազատ արձակելու հարցը:
Ռիչարդ Գրենելը սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ ազատված 6 ամերիկացիները վերադառնում են հայրենիք: Գրառումը նա ուղեկցել է ինքնաթիռում կատարված լուսանկարով և նշել, որ նախկին կալանավորներն արդեն զրուցել են Դոնալդ Թրամփի հետ և խորը երախտագիտություն հայտնել նրան:
Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և Գրենելի հանդիպումն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի քաղաքացիների ազատելուն, միգրացիային, Վենեսուելայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներին և այդ երկրի քաղաքական համակարգի ամբողջականությանն առնչվող հարցեր։ Բանակցություններից հետո հայտարարվել է երկու երկրների հարաբերություններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:
Ակնկալվում է, որ Վենեսուելայի իշխանություններն ԱՄՆ-ին կթույլատրեն հայրենիք վերադարձնել արտաքսվող վենեսուելացի միգրանտներին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի սահմանային հարցերի անվտանգության համակարգող Թոմ Հոմանը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից արտաքսվել է ավելի քան 4000 միգրանտ։
ԱՄՆ-ի նախորդ նախագահ Ջո Բայդենի օրոք գրանցվել էր երկրի հարավային սահմանով անօրինական միգրացիայի ռեկորդային մակարդակ: ԱՄՆ սահմանապահ ծառայության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականի հունվարից մինչ օրս ավելի քան 8 միլիոն միգրանտներ առանց փաստաթղթերի հատել են ԱՄՆ սահմանը:
Երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ Թրամփը խոստացել էր անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ և արտաքսել միլիոնավոր միգրանտների: Նա նաև համազգային արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ-ի հարավային սահմանին տիրող իրավիճակի պատճառով։