Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը Երևանում տեղի ունեցավ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմի պրեմիերան

5 րոպեի ընթերցում

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը Երևանում տեղի ունեցավ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմը, որում վավերագրական և գեղարվեստական կինոն քայլում են կողք կողքի, հնարավորություն է տալիս թե՛ Փարաջանովի, թե՛ նրա հետ առնչություն ունեցող մեծանունների շնորհիվ նորովի բացահայտել մեծ կինոռեժիսորին, նկարչին ու մարդուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի ունեցավ կինոռեժիսորի ծննդյան օրը՝ հունվարի 9-ին, «Կինոմոսկվա»-ում։

Սերգեյ Փարաջանովը Զառա Ջյանին ոգևորել է իր օրինակով։ «2020 թվականի իրադարձություններից հետո ես շատ բարդ հոգեվիճակով էի արտերկրից վերադարձել Հայաստան։ Կարող եմ ասել, որ օթևան գտա Փարաջանովի թանգարանում։ Այնտեղ շատ եմ եղել, սակայն այդ այցելության ժամանակ ինչ-որ բան կատարվեց ինձ։ Անգամ  բանտարկված նա ստեղծագործել է. նրա ընտրությունը չի եղել կործանումը, այլ՝ արարումը։ Արարչական աշխատանքով Փարաջանովը հաղթեց բոլոր ռեժիմներին, հաղթեց ինքն իրեն, իր ներսի ագրեսիան, որ կարող էր առաջանալ։ Այդ գիտակցումն ինձ շատ ոգևորեց, և ես ցանկացա նրա օրինակի մասին խոսել իմ ընկերների հետ, մարդկանց, որոնք ստեղծագործելու փոխարեն վերածվում էին քաղաքական բլոգերների»,-պատմեց ռեժիսորն ու հավելեց՝ ֆիլմը Փարաջանովի կյանքի մասին չէ, այլ իր անցած ճանապարհն է, որի ընթացքում ինքը «հանդիպել» է Փարաջանովին, որն էլ  գիդ է դարձել իր համար։

Ջյանը չի ցանկացել կինոռեժիսորի մասին  գեղարվեստական ֆիլմ նկարահանել կամ դասական բայոպիկ։ Կարծում է՝ դա ավելի լավ կարող են անել Փարաջանովի ընկերները, մարդիկ, որոնք ճանաչել են նրան։ «Ես Փարաջանովին ոչ մի հարց չունեմ, բնազդաբար հասկանում եմ նրան, նրա ընտրությունը, ազատության տենչը։ Ինձ Փարաջանովին մոտեցրեց նաև այն, որ նրա համար չկային արգելքներ։ Սերգեյ Փարաջանովը միշտ ասում էր այն, ինչ ցանկանում էր»,-շեշտեց Զառա Ջյանը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնին։ Հայ-ֆրանսիական համատեղ արտադրության կինոնկարում նկարահանվել են այնպիսի մեծանուն դեմքեր ինչպիսիք են՝ ռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, դերասանուհի Չուլպան Խամատովան, կինոքննադատ Ժոել Շապրոնը, ռեժիսոր Ալի Խամրաևը, Լորա Գուերան (Տոնինո Գուերայի կինը), ակադեմիկոս Լևոն Աբրահամյանը, ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը։ 

Նրանք հարցազրույցների միջոցով պատմում են Փարաջանովի արվեստի առանձնահատկությունների մասին, նշում, որ այն մեծ ազդեցություն է ունեցել իրենց ստեղծագործությունների վրա, հիշում են Փարաջանովի հետ հանդիպումները, զրույցները և վերարժևորում նրա թողած ժառանգությունը։

Լևոն Աբրահամյանը չի կարծում, որ բոլորն են ըստ արժանվյուն գնահատում Փարաջանովին։ Ըստ նրա՝ նախորդ տարի նրա 100-ամյա հոբելյանի առթիվ Հայաստանում և արտերկրում կազմակերպված միջոցառումների շնորհիվ անգամ նրանք, ովքեր չեն հասկացել Փարաջանովի արվեստը, ձևացրել են, թե ընկալում են այն, քանի որ Փարաջանովով աշխարհն է պարծենում։

«Ուսանող տարիներին նկարահանվում էի, և երբ Փարաջանովը գալիս էր Հայաստան, որ ֆիլմ նկարի մտադիր էի գնալ ու աշխատել նրա հետ, սակայն այդ ժամանակ նրան ձերբակալեցին։ Իմ ճակատագիրն էլ փոխվեց։ Նա մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա։ Փարաջանովը ստեղծագործում էր յուրաքանչյուր իրավիճակում և անկախ հանգամանքներից։ Նա ինձ ոգեշնչեց՝ ցույց տալով, որ մարդ պետք է միշտ արարի»,-ասաց Աբրահամյանը՝ նշելով, որ Սերգեյ Փարաջանովը հանճար էր։

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» կինոնկարը ցուցադրվել է Film Fest Gent, Belgrade Auteur's Film Festival, Mar del Plata International Film Festival և այլ կինոփառատոններում։ 

Կինոնկարի ռեժիսորն ու սցենարիստը Զառա Ջյանն է, պրոդյուսերներն են Զառա Ջյանը, Անի Որսկանյանը, համապրոդյուսերն են Սեֆան Ժորդանին (Ֆրանսիա, LA HUIT), օպերատոր՝ Նորայր Կասպեր, արտադրող ընկերություններ՝ Boomerang Media am, AVA Films:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում