Տնտեսություն

2024-ին ընդունված բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքով աջակցության ծրագրերին տարեկան հատկացվելու է 80 մլն դոլար

2 րոպեի ընթերցում

2024-ին ընդունված բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքով աջակցության ծրագրերին տարեկան հատկացվելու է 80 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2024 թվականին ընդունվեց Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, որի համաձայն՝ աջակցության ծրագրերին տարեկան հատկացվելու է 80 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարը հիշեցրեց՝ դեռևս 2023-ին կառավարությունը հայտարարել էր, որ 2024 թվականից հրաժարվելու է աջակցության ծրագրերն ամեն անգամ մեկ տարով երկարաձգելու պրակտիկայից: Պահանջվում էր ինստիտուցիոնալ լուծումներով օրենք, որը 2025-ի հունվարի 1-ից համեմատաբար երկարաժամկետ լուծումներ և գործիքներ կառաջարկեր տեխնոլոգիական ընկերություններին:

«2024-ին ընդունվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, որի համաձայն՝ աջակցության ծրագրերին տարեկան հատկացվելու է 80 մլն դոլար: Այս ծրագիրը նախատեսված է առնվազն 7 տարվա համար: Օրենքի շրջանակներում ներդրվել են որոշակի գործիքներ, մասնավորապես, սահմանվել են հարկային արտոնություններ, որոնց արդյունավետությունը կգնահատվի օրենքի կիրառման ընթացքում: Մեզ համար դեռևս դժվար է գնահատել, թե տեխնոլոգիական ընկերություններն ինչ ծավալով են գալու և օգտվելու աջակցության այս ծրագրերից, ինչպես նաև ինչ ծավալի վերազգային ընկերություններ են մուտք գործելու Հայաստան: Սա արդեն կգնահատենք 2025-26 թվականների ընթացքում և, բնականաբար, պետության կողմից այս ներդրումը շատ ավելի մեծ տոկոս է կազմելու»,- նշեց նախարարը:

Նա հայտնեց նաև, որ 2024 թվականին սկսվել են ԲՏԱ ոլորտի ռազմավարության մշակման աշխատանքները: Ակնկալվում է, որ այն պատրաստ կլինի այս տարվա վերջին և կնախանշի այն 2-3 ուղղությունները, որոնցում Հայաստանն ապագայում ռազմավարական ներդրումներ կանի և կձգտի դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային տեխնոլոգիական կենտրոն:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում