Ռազմարդյունաբերության ոլորտը գրագետ կառավարելու և ներդրումներ իրականացնելու միջոցով կդառնա տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմարդյունաբերության ոլորտը հնարավոր է կայացնել գրագետ կառավարելու և ներդրումներ իրականացնելու միջոցով, ինչի արդյունքում այն կդառնա տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 9-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ռազմարդյունաբերության ոլորտը բացի մեր անվտանգային կարիքները սպասարկելու կարևորագույն գործոն լինելուց նաև տնտեսության կարևորագույն սեգմենտ է:
«Այստեղ շատ կարևոր է ժամանակի ընթացքում քաղաքականությունները այնպես մշակել և ձևակերպել, որ մի շարք ընկերություններ ունենան կարողություններ նաև արտահանելու մեր հայրենական արտադրանքները: Հետևաբար, այստեղ արտահանման ընթացակարգերի հստակեցում ենք նախատեսում իրականացնել՝ ժամանակի ընթացքում ստեղծելու ինստիտուցիոնալ հիմքեր ռազմական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով»,- ասաց Հայրապետյանը:
ԲՏԱ նախարարը նշեց, որ 2025 թվականին ապահովելու են գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման մեխանիզմների ճկունություն, ինչպես նաև լավարկելու են մտավոր սեփականության պահպանման մեխանիզմները, ինչի շնորհիվ ոլորտն ավելի գրավիչ կդառնա գիտնականների և ինժեներների համար, որպեսզի նրանք գան ու օգտվեն պետության կողմից գիտահետազոտական աշխատանքների համար նախատեսվող դրամաշնորհային ծրագրերից:
«Առաջիկա տարվա ընթացքում ռազմարդյունաբերական արտադրանքի բաղադրիչների լրամասերի ձեռքբերման և պահուստավորման գործընթացն ենք ապահովելու: Մասնավոր-ԲՈՒՀ համագործակցությանն ենք խթանելու, թիրախային գիտական լաբորատորիաներ ենք հիմնելու՝ այդ թվում նաև արհեստական բանականության տիրույթում:
Լրջորեն մտածում ենք ռազմարդյունաբերության ոլորտի ստարտափների ինկուբացիոն պրոցեսների մեկնարկի շուրջ և այստեղ ևս գործուն քայլեր ենք մտադիր իրականացնել»,- ընդգծեց նախարարը:
Հայրապետյանը շեշտեց՝ 2025 թվականին նախատեսվում է միջազգային ընկերությունների կողմից անցկացնել նեղ մասնագիտական վերապատրաստումներ ինժեներների և պրոդուկտ մենեջերների համար: