Մշակույթ

Հաստատվել են թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

2 րոպեի ընթերցում

Հաստատվել են թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության` հունվարի 9-ի նիստում ընդունվել է  «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թանգարանների հավատարմագրման գործընթացի կազմակերպումը թանգարանների գործունեության կանոնակարգման, բնագավառում միասնական չափորոշիչների կիրառման առաջնային քայլերից է։

Համաձայն որոշման՝ թանգարանների հավատարմագրումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝  «Թանգարանների մասին» օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան։ Հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով կստեղծվի թանգարանների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով, որի աշխատակարգն ու անհատական կազմը կհաստատվեն առաջիկայում։

Համաձայն ընթացակարգի՝ թանգարանների կարգավիճակը հավաստվում է վկայականով  և հավատարմագրման գրանցամատյանում գրանցումով:

Հավատարմագրումը հնարավորություն կտա գնահատելու թանգարանների հավակնություններն ու գործունեության որակը, ինչպես նաև կնպաստի նշված կառույցների` միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը՝ միաժամանակ համադրելի դարձնելով ազգային չափանիշները միջազգային պահանջներին։

ՀՀ կառավարության որոշմամբ կխթանվեն թանգարանի աշխատանքների մասնագիտական մակարդակի բարձրացումը, հավաքածուների պահպանման պայմանների և այցելուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։

Ակնկալվում է, որ հավատարմագրման գործընթացի ներդրման արդյունքում կմեծանա հանրության շրջանում թանգարանների վարկանիշը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում