ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճանապարհաշինության ոլորտում անցած տարի ևս հաղթահարվել է թիրախային 500 կիլոմետրի շեմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսին ամփոփելով 2024 թվականի աշխատանքները։
Նրա խոսքով՝ հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում 503 կմ ճանապարհ է վերանորոգվել, որից 333 կիլոմետրը հիմնանորոգվել, 123 կիլոմետրը ենթարկվել է միջին նորոգման, իսկ վարկային, դրամաշնորհային ծրագրերով նորոգվել է 38 կմ ճանապարհ՝ «Հյուսիս-Հարավ»-ի տարբեր հատվածներում։ Բացի այդ՝ 9 կմ ճանապարհ է նորոգվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և պատվիրակությամբ։