Քաղաքականություն

Այս պահին հայտարարելու որևէ բան չունենք․ ԱՄՆ պետդեպը՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու մասին

2 րոպեի ընթերցում

Այս պահին հայտարարելու որևէ բան չունենք․ ԱՄՆ պետդեպը՝ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ այս պահին հայտարարելու կամ դիտարկելու որևէ բան չկա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄն պետքարտուղարությունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը։ 

«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնի ու Երևանի միջև:

Ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով առաջիկայում կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին, մասնավորապես, ասել էր․ «Նախ, ուզում եմ ասել, որ [հայ-ամերիկյան համագործակցությունը] ռազմավարական բնույթի չենք բարձրացնում, ռազմավարական բնույթն արդեն իսկ կա, ու մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթը կամ փաստաթղթերը այս մասին, իհարկե, կան: Եվ նաև ուզում եմ ասել, որ հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների և Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաների միջև»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում