ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 53 մարդ, ավելի քան 60-ը վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Ցնցումը տեղի է ունեցել հունվարի 7-ին, տեղական ժամանակով 09:05-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Տինգրի գավառում, այն գտնվել է 10 կմ խորության վրա։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ներգրավված է ավելի քան 1,5 հազար փրկարար։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը պահանջել է բոլոր ջանքերը գործադրել որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ նվազագույն զոհեր տալու, տուժածներին տարաբնակեցնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։