Մշակույթ

Փառատոններ, համերգներ, հոբելյանական միջոցառումներ. 2024-ը լի էր մշակութային անցուդարձով

16 րոպեի ընթերցում

Փառատոններ, համերգներ, հոբելյանական միջոցառումներ. 2024-ը լի էր մշակութային անցուդարձով

ԵՐԵՎԱՆ, 31 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակութային իրադարձությունների պակաս գրեթե չի լինում։ Ամեն տարի թե՛ պետական, թե՛ մասնավոր կառույցների ջանքերով երկրում կազմակերպվում են միջոցառումներ, հյուրընկալվում են անվանի ստեղծագործողներ, կյանքի են կոչվում համերգային և այլ ծրագրեր, փառատոններ, որոնք անտարբեր չեն թողնում հանրության լայն շրջանակին։ 2024-ը ևս այդպիսին էր։

Ամփոփելով տարին՝ «Արմենպրես»-ը ներկայացնում է ուշագրավ իրադարձություններից մի քանիսը։

Հոբելյարներ և հոբելյանական միջոցառումներ

2024-ին արվեստասերները տոնեցին ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույց»-ում։ Հունվարի 9-ին՝ Փարաջանովի ծննդյան օրը, Կինոյի տանը հանրությանը ներկայացվեց Փարաջանովի արձանը, որի հեղինակն արա Ալեքյանն է։ Արձանի գաղափարը Փարաջանովի լուսանկարիչ, նրա ընկեր և թանգարանի երկարամյա տնօրեն երջանկահիշատակ Զավեն Սարգսյանինն է: Հոբելյանական տարում արտիստին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում։ 

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, իրականացվեց միջազգային գիտական կոնֆերանս, տարբեր երկրներում կազմակերպվեցին Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություններ, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդեսներ և այլն: Օպերային թատրոնում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու «Նռան գույնը» միջազգային պարային ներկայացումը, իսկ Վենետիկի կինոփառատոնում տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի պրեմիերան։

Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, Կասկադում շանսոնյեին նվիրված համերգային երեկո անցկացվեց, որին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ մասնակցեցին երգիչներ Գոռ Սուջյանը, Մաշա Մնջոյանը և այլք՝ կատարելով արտիստի երգերը։ Հոբելյանական տարում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կազմակերպվեցին համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ։ Ուշագրավ միջոցառումներից էր Երևանում՝ Կարապի լճի տարածքում Ազնավուրի ֆիլմերի ցուցադրությունների շարքը, որոնց մասնակցեցին նաև արտիստի ընտանիքի անդամները։ Սպասված էր շանսոնյեին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Ֆիլմը մինչ օրս կինոթատրոններում է՝ հայերեն թարգմանությամբ։ 

Թատրոններն անմասն չմնացին ազնավուրյան տոնից և նրան նվիրված ներկայացումներ բեմադրեցին։ Դրանցից են Կամերային թատրոնի «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» և Պարոնյանի անվան թատրոնում ներկայացված «Ազնավուր» համերգ-ներկայացումը։

Արվեստասերները շուքով տոնեցին նշանավոր քանդակագործ և նկարիչ Երվանդ Քոչարի 125-ամյա հոբելյանը

Ֆրանսիայի «Պիկասո» թանգարանում կազմակերպվեց Քոչարի տարածանկարի ցուցադրությունը, Երևանում բացվեց Քոչարին և Ազնավուրին նվիրված «Սրճարանում» խորագրով ցուցադրությունը, որին հաջորդեց «Քոչարի իրական անիրականը» խորագրով ցուցահանդեսը՝ Քոչարի մարդ-քաղաք շարքի ստեղծագործությունների անիմացիաներով։ Հունիսի 22-ին կայացավ «Քոչար ֆեստ»-ը, որի ընթացքում անցկացվեց փազլի մրցաշար, ցուցադրվեց արհեստական բանականությամբ նկարիչ ռոբոտ սարք, իրականացվեց ֆիլմերի, արտ օբյեկտների, Քոչարի գործերի լուսային ցուցադրություն։ Երեկոն եզրափակվեց ջազ համերգով։ 

Քոչարի ստեղծագործությունների երկրպագուների համար մեծ տոն էր Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ծավալուն ցուցադրությունը, որտեղ  Քոչար գյուտարարն էր, նորարարը, համաշխարհային մասշտաբով տարածական գեղանկարչության հիմնադիրը։

Հոբելյանական մի քանի համերգներով նշվեցին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի՝ 85, Լևոն Մալխասյանի՝ 80-ամյակները

Ամիրխանյանի տարեդարձը շուքով տոնվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Կանտատ սիրո» խորագրով համերգով։ Համերգին, որը ղեկավարեց դիրիժոր Ֆրից Կրեմերը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես եկավ մենակատար Սեդա Ամիր-Կարայանը։ Երեկոյին մասնակցեց Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Հովհաննես Չեքիջյանն է։ Արտիստին նվիրված համերգներ կազմակերպվեցին նաև Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Լևոն Մալխասյանի հոբելյանի առթիվ ևս մի քանի համերգային երեկո անցկացվեց։ Սպասվածներից էր օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված երեկոն, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց մաեստրոյին և նրան հանձնեց ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ:  Հոբելյանական համերգի շրջանակում արտերկրից Հայաստան էին հրավիրվել ջազ երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Սաթյանը, ջազ երաժիշտ Ադամ Տերացույանը, ջազմեն, դաշնակահար Սամվել Գասպարյանը: Համերգին իրենց կատարումներով հանդես եկան նաև այլ արտիստներ և երաժիշտներ, այդ թվում՝ «Լևոն Մալխասյան», «Գարիկ Սարիբեկյան» և «Արեգ Առուստամյան» տրիոները, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը։ Համերգային երեկոն տեղի է ունեցավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Մալխասին ավելի լավ ճանաչելու հնարավորություն ընձեռեց «Կյանքը ջազում» ֆիլմը։ Այն պատմում է Մալխասի, Երևանի և երաժշտի մտորումների մասին։

Փառատոններ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մայիսի 26-ին «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու մշակութային սահմանները ճեղքող անմոռանալի համերգ։ Առաջին անգամ Հայաստանում #MoricconeConductsMorricone խորագրի ներքո հնչեցին լեգենդար օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի ստեղծագործությունները։ Մորիկոնեի հավերժական մեղեդիները հնչեցին Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ և կոմպոզիտորի որդու՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ։ 

Ամռան կարևոր իրադարձություններից էր «Երևանի բալետային փառատոն»-ը, որն անցկացվեց Թումանյանի անվան զբոսայգում և արվեստասերներին հնարավորություն տվեց ծանոթանալու տարբեր երկրներից Հայաստան ժամանած թատերախմբերի ներկայացումներին: Բալետային փառատոնին հանդես եկան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Սպասված էր Անգլիայի ազգային բալետի այցելությունը Հայաստան։ Փառատոնի շրջանակում թատերախումբը, համադրելով դասական և ժամանակակից պարը, Երևանի օպերային թատրոնում խաղաց աշխարհահռչակ «Ժիզել» բալետը՝ լեգենդար Ակրամ Խանի բեմադրությամբ: 

Յոթ օր շարունակ կինոյի երկրպագուներին մեծ տոն նվիրեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը։ Փառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանը ներկայացրեց մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ փառատոններից: Այն առանձնահատուկ անդրադարձ կատարեց երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին. կազմակերպվեցին նրանց նվիրված ֆիլմերի ցուցադրություններ և ցուցահանդեսներ։

21-րդ «Ոսկե ծիրան»-ը հյուրընկալեց այնպիսի ականավոր կինոգործիչների, ինչպիսիք են՝ կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան օսկարակիր Քևին Սփեյսին, ռեժիսորներ Ալեքսանդր Փեյնը, Ջաֆար Փանահին, Թարսեմ Սինխը և այլք։ 

«ՌեԱնիմանիա» անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը 16-րդ անգամ Հայաստան բերեց 250-ից ավելի հետաքրքիր ֆիլմեր, համախմբեց ոլորտի լավագույն մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից, ստեղծեց հարթակներ հայ և օտարազգի անիմատորների հմտությունների զարգացման համար: Փառատոնի մրցութային և ոչ մրցութային ծրագրերում ներկայացվեցին ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և այլ փառատոններում։ Եղան պրեմիերաներ։ Փառատոնին հյուրընկալվեցին Disney-ի և այլ հեղինակավոր ընկերությունների նկարիչներ, ռեժիսորներ և սցենարիստներ։ Կազմակերպվեցին կինոշուկա, կոմիքսների շնորհանդեսներ ու ցուցահանդեսներ։

«Հայ ֆեստ» կատարողական արվեստների միջազգային 22-րդ թատերական փառատոնը Երևան բերեց մասնակիցների տասնութ երկրից՝ Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Բելառուս և այլն։ «Երազանքների փառատոն» խորագրով «Հայ ֆեստ»-ի ծրագրում ընդգրկված էին նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։  Փառատոնի մեկնարկը տրվեց «էվենտի վերտիկալի» թատրոնի (Իտալիա) «Խորանարդ» բացօթյա ներկայացմամբ, որի բեմադրիչն Անդրեա Պիալինին է:

Երևանյան միջազգային թատերական փառատոնի հրավերով դեկտեմբերի 5-6-ին Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացումը։

Ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը, որը հանդիսատեսին ներկայացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով։ 

Անահիտ աստվածուհու մուտքը Հայաստան

Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ին Երևանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը։ Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրվեցին հայկական դիցարանի պտղաբերության և սիրո աստվածուհի Անահիտի հնագույն բրոնզե արձանի բնօրինակ հատվածները, որոնք ավելի քան մեկ դար ցուցադրվում են հանրահայտ Բրիտանական թանգարանում։ 

XIX դարի 70-ական թվականներին պատմական Հայաստանի տարածքում գտնված՝ Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանի հատվածները ցուցադրության գլխավոր նմուշներն են, սակայն ցուցահանդեսի շրջանակում այցելուները  կարող են ծանոթանալ նաև Հայաստանի պատմության թանգարանում պահվող մեկ տասնյակից ավել ուշագրավ և հետաքրքիր առարկաների, որոնք նույնպես կրում են մայրության խորհուրդը: 

Համերգներ

Համաշխարհային ճանաչում վայելող օպերային աստղ Պլասիդո Դոմինգոն տարիներ անց Հայաստան վերադարձավ փառահեղ համերգով։ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կազմակերպված երեկոյին արտիստը ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան, բեմում էր նաև Operalia 2022 հեղինակավոր մրցույթի առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը։ 

Թե՛ Դոմինգոն, թե՛ Ջուլիանա Գրիգորյանը, թե՛ նվագախումբը սիրով և անսահման ոգևորությամբ կատարեցին արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից: Հայաստանի հանդիսատեսը, որ երկար տարիներ չէր հանդիպել Դոմինգոյի հետ, հուզված էր, երջանիկ և յուրաքանչյուր կատարման արձագանքում էր բուռն ծափահարություններով՝ այդպես փորձելով իր սերն արտահայտել մեծ արտիստի նկատմամբ, արժևորել օպերային արվեստում նրա անգնահատելի դերը։ 

Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն WCIT 2024/Digitec-ի բացման արարողությանը բացօթյա համերգով հանդես եկավ Հանրապետության հրապարակում։ Նա կատարեց մի շարք հիթեր, իր պարողների հետ լավ տրամադրություն փոխանցեց իր երկրպագուներին՝ խոստանալով վերադառնալ Երևան։

«Հայա» փառատոնի շրջանակում Երևան այցելեց համաշխարհային աստղ Քրեյգ Դեյվիդը։ Նա դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համախմբված երկրպագուներին իր հիթերով հնարավորություն տվեց վերադառնալ 2000-ականներ, հիշել դպրոցական, ուսանողական տարիներն ու ևս մեկ անգամ փաստել՝ Դեյվիդի երգերը ժամանակ ու տարածություն չեն ճանաչում:

Երևանյան առաջին մենահամերգին արտիստը ներկայացավ TS5 շոուով, կատարեց հին ու նոր երգեր՝ նոր գործիքավորմամբ ու մշակմամբ,  կարողացավ ավելի քան 1 ու կես ժամ առույգ պահել երաժշտասերներին, որոնք նրա հետ շնչում, արտաշնչում էին: Համերգին հնչեցին 7 Days, Walking Away, Rise & Fall, Insomnia և մի շարք այլ երգեր: Նա ցույց տվեց, որ ոչ միայն փայլուն վոկալային տվյալներով, էներգիայով լի արտիստ է, այլև հրաշալի դիջեյ: Քրեյգ Դեյվիդն ասաց, որ շատ գնահատում է երկրպագուների սերն ու ջերմությունն ու մի քանի անգամ կրկնեց՝ «մերսի շատ»:

Օպերա

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ առաջնախաղ էր։ Տարիներ անց թատրոն վերադարձավ Ջուզեպե Վերդիի «Օթելլո»-ն՝ իտալական ոգով, իտալական շնչով։ «Օթելլո»-ն, որ մշտապես ներկայացվում է աշխարհի հեղինակավոր բեմերում և երբեք չի կորցնում արդիականությունը, Սպենդիարյանի անվան թատրոնում էր դեկտեմբերի 28-ին, 29-ին և 30-ին։ Բեմադրությունն Իտալիայի առաջատար թատրոններում է ներկայացվել, և Երևանի օպերային թատրոնը կարողացել է ձեռք բերել այն ամբողջ ծավալով։ Գնվել է նախագիծ, որը ներառում է թե՛ լուսային, թե՛ ձայնային լուծումներ, ահռելի բեմական դեկորներ։

Իտալական ներկայացումը Երևանում պատշաճ մատուցելու համար վեց բեռնատարով Հայաստան են բերվել դեկորներ, կոստյումներ։  Երեք ժամ տևողությամբ օպերայում դերակատարները բազմիցս փոխում են իրենց զգեստները, որոնք շքեղ են, յուրատիպ։ Կոստյումների հեղինակն իտալացի հանրահայտ դիզայներ Օդետ Նիկոլետին է։ Հագուստները ձեռքի աշխատանք են և կարված են հատուկ երևանյան բեմադրության համար։  

Ներկայացման մեջ զբաղված են Հայաստանի վաստակավոր արտիստներ Հովհաննես Այվազյանը,  որը կերտում է Օթելլոյի դերը, Գևորգ Հակոբյանը, որը մարմնավորում է Յագոյին, Անահիտ Մխիթարյանը, որը հանդես է գալիս Դեզդեմոնայի դերում և այլք։ Հրավիրյալ արտիստներ կան Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից։ 

2025-ը ևս խոստանում է անակնկալներ մատուցել, բայց այդ մասին՝ ավելի ուշ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում