Մարտունի համայնքում 2024-ի կապիտալ ներդրումները կազմել են շուրջ 11,5 միլիարդ դրամ
1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ամփոփվել են 2024 թվականի աշխատանքային ու տնտեսական ձեռքբերումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, 2024 թվականին պետության և համայնքի կողմից Մարտունի համայնքում կատարված կապիտալ ներդրումները կազմել են շուրջ 11,5 միլիարդ դրամ, որի արդյունքում համայնքի բնակավայրերում հիմնանորոգվել է 14 կիլոմետր միջպետական, 19 կիլոմետր ներհամայնքային նշանակության ավտոճանապարհներ, բազմաբնակարան 5 շենքերի տանիքներ, 5 մանկապարտեզների բակային տարածքներ, կառուցվել 47 կիլոմետր ոռոգման, 30 կիլոմետր խմելու ջրատարներ, 24 կիլոմետր լուսավորության ցանց, 6750 մետր գազատար, 9600 քառակուսի մետր սալարկված մայթեր, 1 Փառքի հուշահամալիր, շարունակվել են Ներքին Գետաշենի թիվ 1, Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ, Լեռնակերտի հիմնական դպրոցների, Աստղաձորի մանկապարտեզի կառուցման, Վերին Գետաշենի մարզադահլիճի և կից մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները։
Իրականացված ծրագրերի արդյունքում համայնքում էապես բարելավվել են մարդկանց կենսապայմանները, հզորացել ենթակառուցվածքները, զարգացում ապրել կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, բացվել նոր աշխատատեղեր։
Խոսրով Խլղաթյան