ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, 2025 թվականին Երևանում կցուցադրի արժեքավոր հավաքածուներ Ֆրանսիայի Լուվրի, Նիդերլանդների Դրենցի, և Չինաստանի Շանքսի թանգարաններից։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ արտերկրից բերված ցուցանմուշները համադրելու են ազգային հավաքածուի հետ՝ նպաստելով մշակութային երկխոսությանը։ Նա շեշտեց, որ Լուվրից հյուրընկալելու են ոչ թե մեկ կամ երկու, այլ տասից ավելի ուշագրավ առարկա։
Առաջիկա ամիսներին բանախոսությունների շարք են կազմակերպելու։ Մասնագետներ են հրավիրելու Բրիտանական թանգարանից, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում, ուստի նրանց հետ հանդիպումը հնարավորություն կտա ևս մեկ անգամ արժևորել Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցահանդեսը և այլ ցուցադրություններ։ Թանգարան կայցելեն մասնագետներ հունահռոմեկան դեպարտամենտից և այլ կառույցներից։
«Մենք շատ կարևոր նախագիծ ենք իրագործելու ֆրանսիացի վերականգնողների հետ։ Քչերը գիտեն, որ Հայաստանի պատմության թանգարանում պահվում է արժեքավոր գեղանկարների հավաքածու։ Կտավները Քոչարի, Բաշինջաղյանի և այլ ականավորների վրձնին են պատկանում։ Այդ ստեղծագործությունները երկար ժամանակ չեն ցուցադրվել և վերականգնման կարիք ունեն։ Ուրախ ենք, որ մեր միջազգային գործընկերները, որ հատկապես մասնագիտացած են գեղանկարի ռեստավրացիայի ուղղությամբ, կօգնեն վերականգնել նմուշներն ու համալիր ներկայացնել հանրությանը»,-տեղեկացրեց Պողոսյանն ու շեշտեց՝ գեղանկարները պատմական թեմաներով են։
Թանգարանը շարունակելու է մշտական ցուցադրության վերաբացումը։ Նախատեսում են բացել 15-18-րդ դարերին նվիրված սրահները, ինչպես նաև 19-րդ դարին վերաբերող հատվածը։
«Եթե ամեն ինչ հաջող ընթանա, 2026-ին մեր մշտական ցուցահանդեսն ամբողջությամբ կհանձնենք այցելուների դատին։ Նոր հրատարակություններ են նախատեսվում՝ նվիրված հնագիտական, ազգագրական, լուսանկարների և այլ հավաքածուներին։ Կազմակերպվելու են միջազգային կոնֆերանսներ, ֆորումներ և այլ նախաձեռնություններ»,-նշեց Պողոսյանը։
Նա հավաստիացրեց, որ միջազգային ցուցահանդեսները մեկ տարում դժվար է ծրագրել, կյանքի կոչել, քանի որ նման նախաձեռնությունները ժամանակ են պահանջում, սակայն 2025-ին ծրագրում են աշխատել Աթենքի Ակրոպոլիս, Օմանի ազգային թանգարանների հետ։ Ցուցադրություններ են կազմակերպելու և՛ Հայաստանում, և՛ արտերկրում՝ մշակութային ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար։