ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության թանգարանը դեկտեմբերի 28-ին ամփոփեց ամբողջ տարվա ընթացքում կատարած լայնածավալ աշխատանքն ու շնորհակալագրեր հանձնեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը, այլ աջակիցների, որոնք մշտապես կառույցի կողքին են։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն, անդրադառնալով տարվա ձեռքբերումներին, տեղեկացրեց, որ 2024-ին թանգարանի հիմնական հավաքածուն համալրվել է ավելի քան 2 հազար 3 հարյուր նոր առարկայով։
«Կան հավաքածուներ, որ պետք է անցնեն համապատասխան փուլ և արձանագրվելուց, ֆիքսվելուց, մատյաններում գրանցվելուց հետո դառնան ազգային հավաքածուի պաշտոնական մաս։ Մեր հիմնական ֆոնդում 402 հազար 939 գրանցված առարկա կա, Սիսիանի և Հրազդանի մասնաճյուղերի հավաքածուների հետ համատեղ՝ հավաքածուն կազմում է 408 հազար 100 առարկա։ Թանգարանը նաև օժանդակ հատվածներ ունի՝ գրադարան, արխիվ, փաստաթղթային հատվածներ, որոնք կարևոր են հավաքածուների շուրջ ծավալվող մասնագիտական գործունեության առումով»,-նշեց նա։
Տնօրենի խոսքով՝ թանգարանի մասնագիտական գրադարանը համալրվել է 207 նոր գրքով։ Թանգարանը, որպես նվիրատվություն, ստացել է Անդրանիկ Օզանյանին, Վազգեն Սարգսյանին և Արկադի Տեր-Թադևոսյանին նվիրված հավաքածուներ, որոնք այժմ էլ ցուցադրվում են սրահներում։
Տարվա ընթացքում թանգարանի վերականգնման լաբորատորիան մեծ աշխատանք է կատարել և, չնայած սուղ ռեսուրսների և աշխատակիցների թվի, վերականգնել և ամրակայել է ընդհանուր 723 առարկա, որից միայն վերականգնված առարկաների թիվը 266 է, ինչն, ըստ Պողոսյանի, խոսուն ցուցանիշ է։
Թանգարանն ամեն տարի նաև հրատարակչական աշխատանք է իրականացնում։ 2024-ին տասը գիտական աշխատանք է պատրաստել հրատարակման, ինչը ռեկորդային է թանգարանի վերջին տարիների գործունեության համար։ Հրատարակվել են և՛ գիտահանրամատչելի, և՛ գիտական ու այլ գրքեր։
«Երկու հատորով լույս է տեսել «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականը։ Ժողովածուներում, թանգարանի և կառույցից դուրս ժառանգությամբ զբաղվող հետազոտողները, հնարավորություն ունեն ներկայացնել իրենց կատարած աշխատանքի արդյունքները և շրջանառել հավաքածուները։ Հրատարակվել են նաև պատկերագրքեր՝ նվիրված թանգարանում կազմակերպված ցուցադրություններին»,-ասաց Պողոսյանն ու հավելեց՝ այս տարի տոնել են թանգարանի հիմնադիր և ղեկավար Երվանդ Լալայանի 160-ամյակը։
Խոսելով ցուցահանդեսների մասին, որոնց կազմակերպումն ու անցկացումը թանգարանի կարևորագույն առաքելությունն է, Դավիթ Պողոսյանն ընդգծեց՝ ավելի քան 20 ցուցահանդես են կազմակերպել թանգարանում, այլ հարթակներում՝ համագործակցելով տարբեր գործընկերների հետ։
«Թանգարանն արժեքավոր ցուցանմուշներ է ընդունել Բրիտանական թանգարանից, Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանից։ Կարևոր է նաև մշտական ցուցասրահների վերաբացումը։ Մեզ համար էական էր բացել Անիի սրահը, որը մի քանի տարի փակ էր»,-խոստովանեց նա և հայտնեց, որ նախորդ շաբաթ վերաբացել են Կիլիկիայի հայոց թագավորությանը նվիրված սրահը։
2024-ին թանգարանը վաթսունից ավելի տարաբնույթ միջոցառում է անցկացրել՝ բանախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ և այլն։ Քսանից ավելի կրթական ծրագրեր է կազմակերպել, իրականացրել է նաև երկու միջազգային գիտաժողով, որոնցից մեկը կրել է «Անիի հնագիտական դպրոցը» խորագիրը, իսկ մյուսը՝ «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում», որը նվիրվել է Լալայանի հոբելյանին։ Անիին վերաբերող գիտաժողովի նյութերն այժմ տպագրման փուլում են։
Հայաստանի պատմության թանգարանը տարվա ընթացքում տասից ավելի համագործակցության հուշագիր է ստորագրել, միջազգային պայմանագրեր այնպիսի թանգարանների հետ, ինչպիսիք են Բրիտանական, Լուվրի թանգարանները, Չինաստանի, Չեխիայի ազգային և այլ թանգարաններ։ Բրիտանական թանգարանի հետ կնքած հուշագրի շնորհիվ է Երևանում գործում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցահանդեսը, որի շրջանակում Բրիտանական թանգարանից Հայաստան են բերվել Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը։
Դավիթ Պողոսյանն իրենց աշխատանքի կարևոր ցուցանիշ է համարում այցելուների քանակը, որովհետև, իր իսկ խոսքով՝ առանց նրանց թանգարանը թանգարան չէ։ Նա հայտնեց, որ տարվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է ավելի քան 100 հազար այցելուի, որի երեսուն տոկոսն՝ անվճար հիմունքներով։ Նախորդ տարվա համեմատ այցելուների թիվը 20 հազարով աճել է։