ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կշեռք» պատմագեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից կշեռքներ, որոնք ստեղծվել են վաղ միջնադարից սկսած մինչև 20-րդ դարի կեսերը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին Ռուսական արվեստի թանգարանում։
Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը հիշեցրեց՝ տարիներ առաջ այլ թանգարանների հետ համագործակցելով՝ ինքնաեռների ցուցադրություն են կազմակերպել, ինչից հետո գեղանկարիչ, արվեստաբան Հրազդան Թոքմաջյանն առաջարկել է նաև կշեռքների ցուցահանդես նախաձեռնել։
«Դա 2022 թվականն էր։ Երկու տարի անց մենք իրագործում ենք այդ գաղափարը։ Այս ցուցադրությանն ընդգրկված են Հայաստանում և հայկական գաղթօջախներում կիրառված տարբեր տեսակի կշեռքներ, որոնք տարբեր նպատակներով են կիրառվել», - ասաց Մկրտչյանն ու հավելեց՝ ցուցադրությանն արվեստասերները հնարավորություն ունեն ծանոթանալու կշեռքի պատմությանը, խորհրդաբանությանը, ձևերին և կիրառման եղանակներին։
Ցուցադրության հայեցակարգի հեղինակ և համադրող Հրազդան Թոքմաջյանը ցուցադրությունը պատրաստելիս երկու հիմնական նպատակ է ունեցել՝ ներկայացնել կշեռքն իր ողջ բազմազանությամբ և ընդգծել կշեռքի խորհուրդը, նշանակությունը։
«Սա ամբողջական, բայց չափերով փոքր ցուցահանդես է։ Երկրներ կան, որ կշեռքի թանգարաններ ունեն։ Ժամանակակից մարդու համար ակնառու է կշեռքը որպես արդարադատության խորհրդանիշ։ Այդ գաղափարը գալիս է հնագույն ժամանակներից՝ Միջագետքից և շարունակվել է նաև միջնադարում, քրիտոնեական մտածողության մեջ այն ևս առկա է. ահեղ դատաստանի գաղափարն ուղղակիորեն կապված է կշեռքի հետ, որովհետև կշեռքով էին դատում չարն ու բարին, մարդու լավ և վատ գործերը և, ըստ այդմ, դժոխք և դրախտ գնալու վճիռն այդ գործիքի միջոցով էր կատարվում: Այդ պատճառով էլ կշեռքը միջնադարյան մանրանկարչության մեջ առկա է ահեղ դատաստանի, խաչելության, դժոխքի ավերման տեսարաններում։ Մենք կշեռքի նշանը կարող ենք գտնել նաև խաչքարերի փորագրություններում, երբեմն՝ տապանաքարերի վրա»,-պատմեց Թոքմաջյանը։
Ցուցադրության մեջ մի շարք հետաքրքիր կշեռքների կողքին ներկայացված են անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանի «Մսի շուկա։ Կշեռքի վրա» կտավը և Սերգեյ Փարաջանովի «Հռոմուլոսը և Հռեմոսը» կոլաժը։
«Կտավում խորհրդային շրջանի կշեռք է, որն ավելի շատ ռեպրեսիվ գործիք է հիշեցնում, իսկ կշեռքի վրա կովի մաշկազերծ գլուխն ասես զոհի խորհրդանիշը լինի, իսկ Փարաջանովի թանգարանի տրամադրած կոլաժը Փարաջանովը ստեղծել է՝ ոգեշնչվելով Հռոմը հիմնադրած եղբայրների պատմությունից»,-տեղեկացրեց Թոքմաջյանը, որն իր անձնական հավաքածուից նմուշներ է տրամադրել ցուցադրության համար։
Ցուցահանդեսը միջթանգարանային համագործակցության լավագույն օրինակ է, որտեղ ներկայացվում են կշեռքներ Հայաստանի պատմության, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային, Երևան քաղաքի պատմության, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի, Միջին արևելքի, Մատենադարանի, Սերգեյ Փարաջանովի թանգարանների, կոլեկցիոներներ Նարեկ Վան Աշուղաթոյանի, Հակոբ Մոմջյանի, Գալամքերյանների և Հրազդան Թոքմաջյանի հավաքածուներից։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 1-ը։ Այդ ընթացքում կկազմակերպվեն թեմատիկ դասախոսություններ, կրթական ծրագրեր։
Կշեռքն ի հայտ է եկել մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջում։ Կշեռքի կիրառման ամենավաղ կենտրոններն են եղել Միջագետքի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Հնդկաստանի վաղագույն քաղաքակրթությունները: Կշեռքի հիմքում մարդու անատոմիան է: Մարդն առաջին անգամ երկու ձեռքի ափը օգտագործել է՝ հասկանալու ապրանքի քաշը, «ծանր ու թեթև արել» այն գնահատելու և փոխանակելու համար։ Կշեռքի նժարները երբեմն անվանում են թաթ։
Կշեռքի գյուտը տեղի է ունեցել վաղ բրոնզի դարում, երբ առևտրական կապերը ընդարձակվել են։ Կշեռքները տարբեր մշակույթներում ունեցել են տարբեր խորհրդաբանություն։ Հին ժամանակներից կշեռքներն օգտագործվել են որպես այլաբանություն, որն անձնավորել է արդարությունն ու չափավորությունը։ Կշեռքը հին հունական արդարության և հատուցման աստվածուհիներ Թեմիսի և Նեմեսիսի խորհրդանիշն է։ Կշեռքն այսօր էլ մնում է դատական իրավունքի և արդարադատության խորհրդանիշ։ Այն ներկայանում է Թեմիսի տեսքով, որի աչքերը փակ են, իսկ ձեռքում կշեռք է։