Հայաստան

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց

2 րոպեի ընթերցում

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Նիդեռլանդների Թագավորությունից ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, «Յան լոջիստիքս» ՍՊԸ միջոցով ներմուծված  առաքանիում, բացի անձնական օգտագործման իրերից, հայտնաբերվել է «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ: 

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևան քաղաքի՝ Դավիթ Անհաղթ փողոցի բակերից մեկում թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի, ազգությամբ հայ Ս․Գ․-ն: Վերջինս, օգտագործելով այլ անձի տվյալներ, ՀՀ տարածք էր ներմուծել և ստացել տվյալ առաքանին։

Քաղաքացին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում   ձերբակալվել է: 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան, և համապատասխան որոշման համաձայն ձերբակալված անձի բնակության վայրում կատարվել է խուզարկություն։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում