ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի տարբեր թատրոններում Ամանորի առթիվ բեմադրվում են հատուկ փոքրիկ հանդիսատեսի համար նախատեսված ներկայացումներ, որոնք երեխաներին տանում են կախարդական աշխարհ, հնարավորություն տալիս հանդիպել Ձմեռ պապիկին և շարունակել հավատալ հրաշքներին։
«Արմենպրես»-ը ներկայացնում է այդ բեմադություններից մի քանիսը։
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում դեկտեմբերի 28-ին հնարավոր է դիտել «Ձնեմարդուկները», «Ոչ մի Ամանոր առանց Թեդդի» երաժշտական ներկայացումները։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում դեկտեմբերի 28-ին կլինի «Մանչուկն ու Կառլսոնը» ներկայացումը։ Մինչ ներկայացման սկիզբը թատրոնի ճեմասրահում հանդիսատեսն ականատես կլինի ամանորյա շքեղ շոու ծրագրի՝ սիրված հերոսների մասնակցությամբ։ Փոքրիկներին կողջունեն նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 29-ից կարող եք դիտել «Սառցե սիրտը» ներկայացումը։ Այն բեմադրվել է տարիներ առաջ, սակայն արդիական ու սպասված է մինչ օրս։ Տեխնիկական ու բեմադրական գեղեցիկ լուծումներով ներկայացումը տպավորում է փոքրիկներին ու հիշեցնում սիրված մուլտֆիլմը։ Հունվարին երեխաները, մեծահասակները կարող են դիտել նաև «Ալլադին» և «Մոխրոտը» բեմադրությունները։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 30-ին, ինչպես նաև հունվարի 9-ին կցուցադրվի «Բարության գինը» ներկայացումը։ Երաժշտական բեմադրությունը պատմում է կախարդված քաղաքի գաղտնիքի մասին։ Թատրոնը նաև հրավիրում է վայելելու «Մանչուկն ու Կառլսոնը», «Մոխրոտը», «Ռատատույ» և այլ ներկայացումներ։
Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կախարդանքը սկսվում է «Ընկույզկոտրուկի գաղտնիքը» հեքիաթային ներկայացմամբ։ Դասական տոնական ներկայացում, որի ընթացքում փոքրիկները կծանոթանան Մարիի, կախարդական Մարդուկ Ջարդուկի և նրանց հիասքանչ ճանապարհորդության պատմությանը՝ երաժշտության և պարի ուղեկցությամբ։ Ներկայացումը բեմում կլինի դեկտեմբերի 28-29-ին։
Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը դեկտեմբերի 28-ին հրավիրում է դիտելու «Ամանորյա տրամադրության հանելուկը» ներկայացումը։ Բեմադրության մեջ երեխաները կհանդիպեն հետաքրքիր կերպարների, կտեսնեն վառ գույներ, հաղորդակից կդառնան տոնական տրամադրությանը։
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 28-29-30-ին «Ամանորյա իրարանցում» է սպասվում։ Զվարճալի հեքիաթ ներկայացմանը մասնակցում են տարբեր մուլֆիլմերից հայտնի հերոսներ, որոնց հանդիսատեսը միշտ սիրով է ընդունում։
Կ. Ստանիսլավսկու անավան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում դեկտեմբերի 28-ին «Մատնաչափիկ»-ն է։ Մատնաչափիկը բազմաթիվ արկածների միջով է անցնում, բարեկամներ է ձեռք բերում և գտնում է իր երջանկությունը։
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 28-ին կլինի «Ամանորի հրաշքը կամ բարի Դոբին» հեքիաթ-ներկայացումը։
«Թատրոն կայարան»-ը դեկտեմբերի 28-ին հրավիրում է հեքիաթային Ամանոր տոնել Թումանյանի հետ։ Փոքրիկները կարող են դիտել Վիգեն Ստեփանյանի «Հանճարի անճարակները» պիեսի հիման վրա բեմադրված «Թումանյանի անճարները» ներկայացումը։ Թատրոնը հորդորում է միանալ իրենց հեքիաթային ճանապարհորդությանը, որտեղ Թումանյանի հերոսները կենդանանում են երեխաներին անսահման ուրախություն պարգևելու համար:
Բեմադրությունների մեծ մասը հնարավոր է դիտել նաև հունվարին։